Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը. Փաշինյան

Մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչը իր հետ բերում է խնդիրներ առաջին հերթին ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ արդեն բավականին երկար տարիներ մենք արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն, մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում: Այսօր, իհարկե, մենք հավաքվել ենք քննարկելու մեր օպերատիվ անելիքները՝ հասկանալու համար, թե ինչ անելիքներ ունենք ընթացիկ տարվա մարտահրավերները լուծելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ գլոբալ առումով պետք է արձանագրել, որ կլիմայական փոփոխությունները հանգեցնում են եզրակացության, որ ավանդական ոռոգումը որպես այդպիսին ապագա չունի: «Այսինքն, մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը և այն, ինչ նախընտրական շրջանում խոստացել ենք, այդ ծրագիրը պետք է շատ արագ ներդնենք: Այսինքն, ընդհանրապես հետաձգելու և հապաղելու ժամանակ չկա»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ արձանագրել են ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը,  ինչը նույնպես պետք է շատ արագ սկսել: «Անհետաձգելի այդ գործընթացները՝ մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքները, պետք է սկսել: Բայց այսօր մեր խնդիրն է հասկանալ, թե այս տարվա ընթացքում ինչ պետք է անենք, ինչպես նաև հաջորդ տարվա ընթացքում ինչ պետք է անենք, որովհետև, ցավոք սրտի, ինչքան էլ լավ աշխատենք, հնարավոր չի լինի 1-2 տարվա ընթացքում հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը փոխել, և պետք է աշխատենք այդ տրամաբանության և ռեժիմով: Հայաստանի օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված, և մենք պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ ընթացակարգերը կիրառելի, ինչպիսի որոշումներ պետք է կայացնենք և ինչպես պետք է իրագործենք այդ որոշումները, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել մեր գյուղացիական տնտեսություններին և մեր գյուղատնտեսությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ գյուղատնտեսական առումով տարվա բավականին լավ մեկնարկ է նկատվում, և պետք է այնպես անել, որպեսզի մեծ խնդիրների առաջ չգան կամ այդ խնդիրները լինեն կառավարելի:

Խորհրդակցությանը քննարկվել են վարչապետի պաշտոնակատարի նախանշած խնդիրների օպերատիվ և ռազմավարական լուծումների տարբերակները:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղոլորտում առկա իրավիճակի, սակավաջրության ծավալների, ջրամատակարարման գործընթացի,  ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ուղղությամբ աշխատանքների մասին: Նշվել է, որ կանխատեսումների համաձայն՝ ջերմային նման բարձր ֆոնը պահպանվելու է ողջ ամռան ընթացքում, ինչը և ազդեցություն է ունենալու ոռոգման գործընթացի վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով անելիքներին: Առաջնահերթ են համարվել գյուղոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող սուբսիդիոն ծրագրերի շարունակական իրականացումը, ջրամբարաշինության ծրագրերի արագ մեկնարկը: Կարևորվել են ապահովագրական մեխանիզմների կիրարկումը, գերնորմատիվային հողերի քարտեզագրումը, որոնք կնպաստեն ոլորտի բարեփոխմանը: Որպես ռազմավարական անելիք՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ջրային ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը և հանձնարարել սեղմ ժամկետում ավարտին հասցնել ռազմավարության մշակումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է համակարգված աշխատանք իրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր  մշակելու ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է հանրային հաղորդակցության կարևորությունը՝ պատասխանատուներին հանձնարարելով պատշաճ իրազեկում իրականացնել, հանրությանը ներկայացնել իրավիճակը, խնդիրները և լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am