Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանքավանը հյուրընկալել է ռազմամարզական ճամբարի մասնակիցներին. ծրագիրը կդառնա պարտադիր բոլոր դպրոցների համար

Հանքավանը հյուրընկալել է ռազմամարզական ճամբարի մասնակիցներին. ծրագիրը 
կդառնա պարտադիր բոլոր դպրոցների համար

ՀԱՆՔԱՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր առջև խնդիր է դրել բարելավելու «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման որակը և շրջանավարտներից ակնկալվող ցուցանիշները: Հենց այդ նպատակով էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով մեկնարկել է ՆԶՊ-ի գործնական բաղադրիչը՝ ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որին մասնակցում է շուրջ 100 աշակերտ Հայաստանի տարբեր դպրոցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 23-ին Հանքավանում տեղի է ունեցել ռազմամարզական ճամբարի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: 

«Այս ծրագիրը բոլորիս համար առանցքային նշանակություն ունի: Բոլորս գիտակցում ենք այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվել է մերը երկիրը: Ծրագիրը լինելու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Ձեր՝ առաջին մասնակիցների դերը չափազանց մեծ է դրա կայացման գործում: Մեզ համար կարևոր են ձեր և զինղեկների կարծիքները, դիտարկումները՝ ծրագիրն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այդպիսով հաջորդող տարիների մասնակիցների համար, նաև ձեր շնորհիվ, այս գործընթացը կանցնի առավել արդյունավետ», - դիմելով ճամբարի մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

«Լուսաբաց» ճամբարը գտնվում է «Հանքավան» հանգստի գոտում՝ Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում: Կառուցվել է խորհրդային տարիներին՝ հեռավոր 1950-ական թթ.-ին:

Մանուկ հասակում, Խորհրդային Հայաստանի հազարավոր դպրոցականների հետ միասին, այստեղ է այցելել ճամբարի ներկայիս տնօրենը՝ զինվորական կոչումով փոխգնդապետ Աշոտ Ավետիսյանը: Ասում է, որ ավագ դասարաններում սովորող պատանիների համար սա շատ հետաքրքիր ու կարևոր փորձ է, քանի որ նրանք, ըստ էության, առաջին անգամ են երկար ժամանակով բաժանվում իրենց ընտանիքից:

«Երեխաներն այստեղ իրար հետ ապրում են, իրար հետ սնվում են, իրար հետ դաս են անում, համայնական ապրելակերպին են սովորում, ընդհանուր ճաշարանին են սովորում: Սրանք կյանքի հմտություններ են, որոնք շատ կարևոր է, որ ձեռք բերեն իրենց հետագա կյանքի, հատկապես բանակի համար», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ճամբարի տնօրենը:

Ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագրի պատասխանատուն Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցն է: Դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը, որը միաժամանակ նաև այս ծրագրի ղեկավարն է, նշեց, որ ռազմամարզական ճամբար կազմակերպելու գաղափարը դեռ երկու տարի առաջ է ծագել, բայց նախորդ տարվա Արցախյան պատերազմը ինչ-որ տեղ արագացրեց պրոցեսները և էլ ավելի առաջնահերթ դարձրեց դպրոցականների ռազմամարզական գիտելիքների խորացման և նրանց զինվորական ծառայության նախապատրաստելու հարցը:

«Սա զինվորական ծառայության նորակոչային շրջանի՝ «կարանտինի» պես մի բան է: Երբ գնան բանակ՝ ծառայությունն իրենց համար ավելի ծանոթ ու ավելի հեշտ կլինի», - «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց ծրագրի ղեկավար Արկադի Պետրոսյանը:

Ռազմամարզական ճամբարին մասնակցում է շուրջ 100 աշակերտ՝ Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ, Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ, Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցներից:

Ուշագրավ է, որ ռազմամարզական ճամբար են եկել ոչ միայն տղաներ, այլև աղջիկներ: 100 աշակերտներից 84-ը տղաներ են, 14-ը աղջիկներ:

Ճամբարի անձնակազմը բաժանվել է զինվորական ստորաբաժանման սկզբունքով: Կազմավորվել է 5 վաշտ, որից 4-ում տղաներ են, իսկ 5-րդում` ճամբարի 14 գեղեցկուհիները:

Բոլոր աղջիկներն էլ Գեղաշենի միջնակարգ դպրոցից են: 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Բադալյանը նրանցից մեկն է: Մեծ ոգևորությամբ է պատմում առաջին մի քանի օրվա ընթացքում ստացած իր տպավորությունների մասին: Ճամբարում ընկերություն է անում հիմնականում իր ընկերուհիների, ինչպես նաև իր դասարանի տղաների հետ:

«Ծրագրի մասին իմացել եմ մեր զինղեկից: Սկզբում երբ եկանք, մի քիչ անսովոր էր, բայց հետո ընտելացանք միջավայրին ու հիմա արդեն կարողանում ենք ճիշտ դասավորել մեր օրը և շատ հետաքրքիր անցկացնել», - պատմում է 10-րդ դասարանի աշակերտուհին:

Դպրոցում բարձր առաջադիմությամբ սովորելուց բացի՝ Մերին նաև վոլեյբոլ է խաղում: Ավելի շատ սիրում է հումանիտար առարկաները, հատկապես՝ Հայոց պատմությունը: Իսկ պատմական հերոսներից՝ Պապ թագավորին: Բայց որ ավելի հետաքրքիր է՝ շատ է հետաքրքրվում զինվորական ծառայությամբ: Նույնիսկ լրջորեն մտածում է հետագայում ռազմական կրթություն ստանալու մասին: Իսկ ինչ վերաբերում է զինվորական կյանքի դժվարություններին՝ Մերին դրանցից չի վախենում:

«Պատերազմը շատ է ազդել ոչ միայն ինձ վրա, այլև՝ բոլորիս: Եվ նույնիսկ եթե մենք զինվորական ծառայության չգնանք՝ ամեն դեպքում պիտի փորձենք մեր գործերով օգնել մեր երկրին: Ռազմական կրթության մասին շատ եմ մտածել, և եթե ստացվի՝ հնարավոր է, որ գնամ հենց այդ ճանապարհով: Կարծում եմ, որ ամեն մի փորձություն էլ հաղթահարելի է, և մենք էլ կարող ենք դա անել, եթե ցանկություն կա», - նշեց մեր զրուցակիցը:

Ճամբարի մասնակիցներից մյուսը՝ 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Մուսինյանը, սովորում է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում: Ինչպես իր հասակակիցներից շատ-շատերը՝ Հայկը նույնպես, իր ապագայի ծրագրերը կառուցելիս, առաջնահերթություն է տալիս ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակին և Հայաստանի անվտանգության խնդիրներին: Ուզում է ծրագրավորող դառնալ և իր մասնագիտությամբ օգնել Հայաստանի պաշտպանության գործին:

«Վերջին պատերազմը ցույց է տալիս, որ ծրագրավորողը նույնքան պետքական է, որքան սովորական զինվորը: Ուզում եմ այնպիսի ծրագիր գրել, այնպիսի մի բան հնարել, որ հայ զինվորի փոխարեն կռվի ռոբոտը: Ուզում եմ այնպիսի մի բան սարքել, որ հայ զինվորի կյանքը կարողանանք խնայել», - ասաց Չարենցավանի ավագ դպրոցի աշակերտը:

Ռազմամարզական ճամբարի առօրյան հարմարեցված է զինվորական առօրյային և կարգուկանոնին: Այն «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) դպրոցական առարկայի գործնական և կիրառական մասն է համարվում:

Վերկացը՝ առավոտյան 7-ին, որից հետո՝ անձնական հիգիենա, նախաճաշ, իսկ հետո՝ ստուգատես շարային հրապարակում: Դրանից հետո սկսվում են գործնական պարապմունքները տարբեր առարկաներից:

Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, գոյատևման հիմունքներ:

Կազմակերպիչները մեծ ուշադրություն են հատկացնում նաև աշակերտներին մատուցվող սննդին: Ճաշարանի խոհարար Էլմիրա Հարությունյանը, որն արդեն 16 տարի աշխատում է «Լուսաբաց» ճամբարում, ասում է, որ երեխաները գոհ են ճաշացանկից:

«Առավոտյան տալիս ենք հաց, պանիր, թեյ, շոկոլադե կարագ և յոգուրտ: Ճաշին տվել եմ կարտոֆիլի պյուրե, տապակած կանաչ լոբի, մածնապուր, ձողիկներով իքիբր, պոմիդոր-վարունգի աղցան, հյութ և միրգ: Ետճաշին՝ ժամը 5-ին, տալիս ենք բուլկի, գաթա, մրգային ռուլետ: Իսկ ընթրիքին՝ գրեչկայով փլավ, նրբերշիկով տոմատ, պանիր, հաց, թեև և աղցան», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց խոհարարը:

12-օրյա ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը հետագայում դառնալու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Սակայն թե ի՞նչ փոփոխություններ ու վերանայումներ կարվեն դրանում ճամբարի տևողության, ընտրվող դասարանների, մասնակից աշակերտների թվի, ուսումնական առարկաների և այլ հարցերի վերաբերյալ՝ պարզ կդառնա ծրագրի ավարտից հետո արված մանրամասն վերլուծությունից: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է անցնել այդ ճանապարհը ճամբարի առաջին մասնակիցների հետ և բարելավել կրթության որակը, որպեսզի դպրոցն ավարտելիս աշակերտներն ունենան պետությանը և հասարակությանը անհրաժեշտ որակներ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am