Քաղաքականություն

Ծառուկյանը սահմանային անվտանգության ապահովման համար կարևորեց ՌԴ-ի հետ համագործակցության խորացումը

2 րոպեի ընթերցում

Ծառուկյանը սահմանային անվտանգության ապահովման համար կարևորեց ՌԴ-ի հետ համագործակցության խորացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը կրկին շեշտեց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Սյունիքում քաղաքացիների հետ հադիպմանը:

Ծառուկյանը վստահեցրեց՝ իր ուզածն է այս վիճակից դուրս գալ, ունենալ հզոր, զարգացող պետություն: «Սա միայն դատարկ խոսքերով չի լինում: Մարդիկ պետք է տիրապետեն, կազմակերպեն, բոլոր ոլորտներում աշխատանք տանեն»,- նշեց նա:

Այնուհետև Ծառուկյանը խոսեց Սյունիքի մարզից՝ նկատելով, որ սյունեցիների առաջնային խնդիրն այսօր սահմանային անվտանգությունն ապահովելն է:

«Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- շեշտեց Ծառուկյանն ու հավելեց՝ այդ դեպքում ճանճ չի կարող անցնել սահմանով:

Նա հավելեց՝ Ադրբեջանն այսօր միայնակ չի պայքարում Հայաստանի հետ, նրա կողքին կանգնած է Թուրքիան: «Դրա համար էլ մեր կողքին պետք է լինի մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը….»,- նշեց Ծառուկյանը:

Այնուհետև նա կրկին խոսեց վարկերի խնդրից: Ծառուկյանը հիշեցրեց ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու իր՝ ավելի վաղ արած հայտարարության մասին, խոսեց սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում