Կառավարության շենքի դիմաց ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են իրականացրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության երիտասարդ անդամները Կառավարության շենքի դիմաց իրազեկման, միևնույն ժամանակ բողոքի ակցիա են իրականացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության անդամներից մեկն ասաց, որ երկրի ղեկավարը պետք է այնպես անի, որպեսզի կատարված բոլոր քայլերը բխեն ՀՀ շահերից:
Երիտասարդները ներկայացրին իրենց հուզող հարցերը և, թե վերջին տարիներին կատարված փոփոխություններից ինչն է իրենց հուզում ու մտահոգում:
ՀՅԴ-ականները ակցիային ներկայացել են նաև պաստառներով, կոնֆետներով, անդրավարտիքով ու ելակով: Նրանք նշում էին, թե հենց այդ ամենով են վերջին տարիներին փորձել ցույց տալ բարեփոխումները ԶՈւ-ում:
Այս ամենից հետո Կառավարության դիմաց լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Քանի որ երիտասարդները իրենց հետ բերած իրերը գետնին էին լցրել, ոստիկանները հայտնեցին, որ իրենք աղտոտել են տարածքը, այդ պատճառով նրանց բերման ենթարկեցին: Նրանց թվում էր նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգիշտի Գևորգյանը:
Երիտասարդների մի մասը փակեց դեպի Նալբանդյան փողոց տանող խաչմերուկը, իսկ ոստիկանները հորդորեցին նրանց բացել ճանապարհը և չխանգարել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հակառակ դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ: Ոստիկանները մի քանի րոպե հետո սկսեց բերման ենթարկել նաև փողոցը փակածներին:
«Ոստիկանության զորքերի ծառայողները նախապատրաստվեցին, այնուհետև հնչեց վերջին նախազգուշացումը և ոստիկանները ձեռնարկեցին համապատասխան գործողություններ: Անհամաչափ ուժ չի կիրառվել, ֆիզիկական ուժ է գործադրվել»,- նշեց ոստիկանության մայորը:
ՀՅԴ երիտասարդական թևից մեկը շեշտեց, որ իրենք ընդամենը ակցիա են իրականացրել և իրենց մտահոգող հարցերը բարձրաձայնել: Այժմ նրանք պատրաստվում են գնալ ոստիկանական բաժանմունքներ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս և որտե՞ղ են բերման ենթարկված իրենց ընկերները: