Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը նոր ծրագրերով խթանում է ինտենսիվ այգեգործությունը

ՀՀ կառավարությունը նոր ծրագրերով խթանում է ինտենսիվ այգեգործությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թթ. ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի, ինչպես նաև ոչ ավանդական բարձր ավելացված արժեք ձևավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։

«Ծրագրում միավորվել են ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման և Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերը: Ավելացվել է ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման և ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման հնարավորությունը: Ճշգրտվել են նաև 1 հա-ի վրա կատարվող ծախսերը, սահմանվել են ծրագրի շրջանակում թույլատրելի տարածքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, հստակեցվել է ծրագրի շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավանեսյանը։

Ծրագրի նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ջրավազանների կառուցման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Ծրագրով նախատեսվում է տարեկան հիմնել 500 հա ինտենսիվ այգի, որի համար ներդրումների միջին չափը գնահատվում է շուրջ 15 մլրդ դրամ (1 հա այգեհիմնման ծախսը կարկտապաշտպան ցանցով միջինը կազմում է 29,8 մլն դրամ)։ Արդյունքում ՀՀ-ում արտադրվող պտղի և հատապտղի ծավալները տարեկան կավելանան շուրջ 11,5 հազար տոննայով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի շուրջ 60․5 հազար տնտեսավարողներ, ընդ որում մեկ տնտեսության բաժին է ընկնում 0.1 - 200 հա։ Այգետարածքների մասնատվածության և փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թ.-ին 53 տնտեսավարողի կողմից հիմնվել է 518.6 հա ինտենսիվ այգի, ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց է ներդրվել 14.5 հա-ի վրա, իսկ Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագրերի շրջանակում 14 տնտեսավարողի կողմից ոռոգման արդիական համակարգ է ներդրվել 239.4 հա-ի վրա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]