Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վսևոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» ներկայացմամբ Երևանում մեկնարկեց «Արմմոնո» փառատոնը

Վսևոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» ներկայացմամբ Երևանում մեկնարկեց «Արմմոնո» 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս գրող Վսևոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացմամբ մայիսի 30-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում մեկնարկեց «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրիչը Արմեն Սաֆարյանն է, դերակատարը՝ Լաուրա Ստեփանյանը:

Ներկայացման հերոսուհին հոգեբուժարանում վերստուգում անցկացնելու անսպասելի հրաման է ստանում: Նրան հիվանդի տեղ ընդունելով՝ տանում են հոգեբուժարան, որտեղ հերոսուհին առնչվում է այնպիսի չարիքների, որոնք խախտում են կյանքի բնականոն ընթացքը։

Լաուրա Ստեփանյանը խոստովանում է, որ կերպարը հեշտությամբ չի յուրացրել: Դերասանուհին երբևէ չի ծխել և ստիպված է եղել առաջին անգամ դա անել հենց ներկայացման շրջանակում: Կարծում է՝ նյութը լուրջ է, և անհնար է անտարբեր անցնել դրա կողքով:

«Փորձեցինք ընդհանուր եզրեր գտնել հերոսի և մեր հասարակության միջև: Այն  խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ներկայացման մեջ, համամարդկային են: Խնդիրներ, որոնք կարող են կործանել երկրագնդի բոլոր մարդկանց: Մենք չէինք նկատում, որ մեր ընկերների շրջանում էլ կան նման մարդիկ, և  հասկացանք, որ դա նաև մեր ողբերգությունն է, մեր դժբախտությունը, որի կողքով հաճախ ենք անտարբեր անցնում»,- նշեց դերասանուհին:

Ստեփանյանը հույս ունի, որ ասելիքը տեղ է հասել: «Գուցե ինչ-որ տեղ թերացանք, չկարողացանք հարցերի պատասխաններ գտնել, բայց մարդիկ մեկ անգամ ևս կփորձեն մտածել խնդրի մասին, հասկանալ, որ կյանքը շատ գունեղ է և բազմաթիվ հետաքրքիր կողմեր ունի»,-շեշտեց դերասանուհին:

Արմեն Սաֆարյանը ստեղծագործությունն այժմեական է համարում: Նրա խոսքով՝ «Կարմիր ծաղիկը» արծարծում է խնդիրներ, անդրադառնում չարիքի, որը մեր օրերում տարածվում է:

«Այս ներկայացումը դերասանի համար փորձություն է: Թեման բարդ է, հարցերը՝ շատ: Դերասանական մեծ վարպետություն էր պետք սիմվոլիկ ու ալեգորիկ առումով հանդիսատեսին նյութը հասցնելու համար»,- ընդգծեց Սաֆարյանը:

Նա ասաց, որ երբեք իր աշխատանքներից գոհ չէ. միշտ մտածում է, որ ինչ-որ բան բաց մնաց: «Եթե հանդիսատեսը դահլիճից դուրս գա, և մի քանիսն իրենց հարցեր ուղղեն, ուրեմն ներկայացումը կայացել է»,- եզրափակեց ռեժիսորը:

«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է մինչև հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:

2021-ին ևս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ. առցանց իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ  ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից:

Փառատոնը ուշադրությունը կբևեռի հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնարտահայտվելու համար։

«Արմմոնո Plus» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ նաև մարզային թատրոնների դերասանների կատարմամբ։

«Արմմոնո»-ի շրջանակներում կանցկացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am կայքի հետ համատեղ։ Առաջին անգամ հայ դրամատուրգներն իրենց մասնակցությունը կբերեն փառատոնին երկու ծրագրով՝«Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին»։

Փառատոնն անցկացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am