Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերն այցել են «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան-Ստեփանակերտ» համագործակցության շրջանակում Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում մայիսի 30-ին բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի շուրջ 30 ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները շրջել են տաղավարներով, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:
«Այցելուներին հնարավորություն է տրված համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված են նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Բոլորին հրավիրում ենք «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ) բացված ցուցահանդես-տոնավաճառ, որը կգործի մինչև մայիսի 30-ի ժամը 22:00-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ: