Սոցիոլոգը ցուցանիշներ է ներկայացրել Հայաստանում բարեկամ և ոչ բարեկամ երկրների ընկալման վերաբերյալ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր տարիներին անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ տասնամյակների ընթացքում հայ հասարակության գիտակցության մեջ Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն և անփոփոխ գնահատվել է շատ բարձր մակարդակի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը:
«Հայաստանում 2006 թվականին անցկացված ազգային հարցման արդյունքում՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը մոտ 95 տոկոսը, Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում է՝ լավ: Համեմատության համար նշենք, որ 86 տոկոսը լավ է գնահատել Իրանի հետ հարաբերությունները, 85 տոկոսը՝ Եվրամիության, 67 տոկոսը ԱՄՆ-ի և 43 տոկոսը Վրաստանի հետ: Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները վատ են գնահատել հարցվածների 90-97 տոկոսը»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նույն արդյունքները ստացվել են 2007 և 2008 թվականների ուսումնասիրությունների ընթացքում:
Նրա խոսքով, 10 տարի անց՝ 2018-ին և 2019-ին անցկացված ազգային հարցման արդյունքում՝ հարցվածների կրկին ճնշող մեծամասնությունը ՝ 93 տոկոսը, լավ է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Իրանի, Չինաստանի և Վրաստանի հետ հարաբերությունները լավ են գնահատվել 93-94 տոկոսի կողմից, Եվրամիության հետ `91 տոկոսի, ԱՄՆ-ի հետ` 88 տոկոսի կողմից: Ադրբեջանի և Թուրքիայի հետ վատ հարաբերությունները գնահատել են հարցվածների 98-99 տոկոսը: Պատկերը մոտավորապես նույնն է եղել նաև անցյալ տարի (2020 թ.):
Ըստ սոցիոլոգի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը հավանություն է տվել սոցիոլոգիական հարցումներին մասնակցողների 65,6 տոկոսը: Հարցվածների 51,6 տոկոսը Հայաստանի համար նախապատվելի է համարել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կառուցումը, իսկ 19,5 տոկոսը՝ Եվրոպական Միության:
Միևնույն ժամանակ, հարցվածների 59 տոկոսը հարազատներ է ունեցել արտերկրում, որից 70 տոկոսը պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել Ռուսաստանից:
Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ անկախության 30 տարվա ընթացքում Հայաստանից աշխատանքային միգրանտները հիմնական հոսքը (մոտ 80 տոկոս) եղել է դեպի Ռուսաստան:
Ռուսաստանից աշխատանքային միգրանտների կողմից ստացված տրանսֆերտների գումարը 2012 թվականին կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 15,5 տոկոսը: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով, Ռուսաստանի տնտեսության անկման ֆոնին, 2019-2020թթ այդ տրանսֆերտները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 7,7 տոկոսը: