Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը անվանակոչվեց Համո Սահյանի անունով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու նիստում որոշվեց «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ն անվանակոչել «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան գրադարան» ՀՈԱԿ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկուցող Արմինե Վարդանյանն ասաց, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է նույն գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։
«Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի աշխատակազմը դրական է գնահատել գրադարանը Համո Սահյանի անվամբ անվանափոխելու առաջարկը: Գրադարանն արդեն գործում է շուրջ 22 տարի: Այնտեղ կա գրական ստուդիա, որտեղ հրատարակվել է 12 գիրք՝ դպրոցականների և ճանաչված գրողների կողմից: Գրադարանն ունի 4 մասնաճյուղ և մոտ 10 հազար ընթերցող»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ կառույցում կա նաև Ֆրանկոֆոնիայի ստուդիա, որտեղ երեխաները սովորում են ֆրանսերեն:
Վարդանյանը նաև շեշտեց, որ գրադարանը հենց Համո Սահյանի անունով անվանակոչելու միտքը եղել է կառույցի աշխատակիցներինը, քանի որ այնտեղ շատ անգամ Սահյանին նվիրված երեկոներ են անցկացվել:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով:
Հայ բանաստեղծ Համո Սահյանը (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին, Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Սահյանը եղել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1905, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ 1939 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության, իսկ 1946 թվականին՝ ԽՄԿԿ անդամ։
Վախճանվել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում: