Հրազդան գետում և Երևանյան լճում կիրականացվեն մաքրման աշխատանքներ. հաստատվեց բնապահպանական ծրագիրը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հերթական նիստին հաստատեց «Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկուցողը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը նշեց, որ Երևանում գլխավոր մակերևութային ջրերի ավազաններն են Հրազդան գետը և Երևանյան լիճը (Հրազդան գետից ստեղծված արհեստական լիճ):
«Դրանք լուծում են ոչ միայն քաղաքի ոռոգման պաշարների ապահովման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային ռեկրեացիոն գոտու ձևավորման համար։ Ծրագրի իրականացումը բխում է «Կանաչ Երևան» գործողությունների ծրագրի բնապահպանական միջոցառումներից: Դրանք ուղղված են համայնքների կայուն զարգացմանը, համայնքի բնակավայրերի բարեկարգմանը և կանաչապատմանը, աղբահանությանը, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով՝ համաձայն որի Երևան համայնքում գործող արտադրական ձեռնարկությունների հետևանքով շրջակա, այդ թվում օդային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար բնապահպանական վճարներից համայնքին հատկացված մասհանումների միջոցները 2022 թվականի համար կազմում են 60 մլն 430 հազար դրամ»,- նշեց Նազարյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 112 մլն 860 հազար դրամով, այսինքն՝ մի մասը կկատարվի համայնքի կողմից ապահովված միջոցների հաշվին: Նազարյանը շեշտեց, որ այդ գումարի շրջանակում նախատեսվում է Հրազդան գետի վրա աղբաորսիչ միջոցառումների իրականացման, ճաղավանդակի տեղադրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, ինչպես նաև 12 540 տ թափոնների հավաքում ու տեղափոխում:
Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն ասաց, որ Երևանյան լճի և հարակից տարածքների ու Հրազդանի կիրճի հատվածների համար մշակվում է զարգացման ծրագիր: Նա շեշտեց, որ համագործակցության առաջարկ են ստացել ԹՈՒՄՈ ստեղծագործական կենտրոնից:
Ծրագիրը համաձայնեցվել է Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարությունների հետ:
Որոշումն ընդունվեց 39 «կոմղ» և 1 «ձեռնպահ» ձայներով: