Ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը․ Արցախի հարցով «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կեսագործման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծման պետք է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ի կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով իրենց կուսակցության ծրագիրը։
«Հետևողական քայլեր կատարել Արցախի բռնազավթած տարածքների վերադարձի և գործուն քայլեր ձեռնարկել պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություններին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասաց Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ հանուն արդարության և ճշմարտության, հանուն հանրային համերաշխության վերակագնման և դասեր քաղելու «Լուսավոր Հայաստան»-ը խոստանում է, որ ստեղծելու է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով։
«Նաև խոստանում ենք, որ ձեռնարկելու ենք բոլոր քայլերը պատշաճ ապահովելու զոհված և վիրավորած զինծառայողների և նրանց ընտանիքների կարիքները։
Խոստանում ենք, անելու ենք ամեն ինչ՝ հասնելու հանրային համերաշխության, որովհետև միայն հանրային համերաշխությամբ, միայն հայության և Հայաստանի Հանրապետության ողջ կարող ռեսուրսը համախմբելով, մենք ի վիճակի կլինենք հասնել ու միասին կառուցել այն Հայաստանը, որտեղ մենք տեսնում ենք, որ պետք է արարի ու ապրի հայ մարդը, որտեղ պետք է վերադառնան մեր հայրենակիցները և որ ունակ է դիմակայելու 21-րդ դարի բոլոր մարտահրավերները»,- եզրափակեց Գորգիսյանը։