Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալսարանում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ունկնդիրներին և ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին դեսպանը համառոտ ներկայացրել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԶՈՒ կառուցվածքն ու խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտում ձեռքբերումներն ու Հայաստանի հետ համագործակցության ներկա իրողություններն ու հեռանկարները:
Դեսպան Կիշան Դան Դեվալը պատասխանել է նաև ՊԱՀՀ ուսումնառողների և դասախոսական կազմի հարցերին:
Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել հայ-հնդկական բարեկամական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ՊԱՀՀ-ի ներուժը ևս կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը: