Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Թանգարանների միջազգային տոնին ոլորտի ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ hանձնվեցին

Թանգարանների միջազգային տոնին ոլորտի ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ 
նախարարության ոսկե մեդալներ hանձնվեցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրվա առթիվ  թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում  երկարամյա գործունեության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ոսկե մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց ոլորտի նվիրյալներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց մայիսի 18-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Փոխնախարարը ոսկե մեդալներ հանձնեց Մատենադարանի ցուցասրահի բաժնի վարիչ Աիդա Չարխչյանին, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին:

Պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի թանգարանների մի շարք ներկայացուցիչներ:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն անդրադարձավ թանգարանի վերջին տարիների աշխատանքին ու ասաց՝ նախորդ տարվա հոգեմաշ ամիսներին, երբ, համավարակով պայմանավորված, խիստ սահմանափակումներ էին գործում, մի կողմից ոգևորվել էին, որ հանրությունն ակտիվ է առցանց հարթակում, բայց մեծ է եղել մտահոգությունը, որ սահմանափակումների վերանալուց հետո գուցե չկարողանան վերականգնել այցելուների հոսքերը, սակայն  կասկածները փարատվել են: «2019 թվականի այս օրերի համեմատ այցելուների կորուստ գրեթե չկա: Դա նշանակում է, որ հետաքրքրությունը չի պակասել, նշանակում է, որ մեր հանրությունը սիրում է իր մշակութային ժառանգությունը, վստահում է թանգարաններին»,- շեշտեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ցանկանում են հանրության լայն շրջանակին, հատկապես երիտասարդներին ավելի ու ավելի հասանելի դարձնել թանգարանի հարուստ ժառանգությունը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am