Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Գալստյանը մատնանշեց ԿԲ գնահատականի համեմատ տնտեսական ակտիվության դրական միտումները

Գալստյանը մատնանշեց ԿԲ գնահատականի համեմատ տնտեսական ակտիվության 
դրական միտումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումները թե տնտեսական ակտիվության,  թե ներքին պահանջարկի ուղղությամբ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

Գալստյանը նախ խոսեց 2020-ին կորոնավիրուսային համավարակով, ռազմական դրության հայտարարմամբ պայմանավորված դժվարությունների ու ԿԲ համարժեք արձագանքների մասին: Նա նշեց նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գնաճային միջավայրի էական ավելացման մասին:

«Ըստ 2021 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման և տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշությունների պայմաններում ՀՀ-ում դեռևս շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր»,- ասաց Գալստյանը:

ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնումը՝ համավարակի վերջնական հաղթահարման, ինչպես նաև տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունների պայմաններում:

«Հատկանշական է, սակայն, որ ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են թե տնտեսական ակտիվության և թե ներքին պահանջարկի ուղղությամբ ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ»,- ասաց ԿԲ նախագահը:

Դրական զարգացումներն առավել տեսանելի են եղել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի սպասվածից արագ  տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումների և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]