Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Բայրամովը ԵՄ ներկայացուցչին հայտնել է, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»

Բայրամովը ԵՄ ներկայացուցչին հայտնել է, որ «Ադրբեջանը պատրաստակամ է 
վերացնել լարվածությունը»

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»։

Կողմերն ընդգծել են լարվածությունը քաղաքական ու դիվանագիտական ուղիներով լուծելու կարևորությունը։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրել էր Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն  ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]