Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

«Իմ քայլը», անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է.  Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

«Իմ քայլը», անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է.  Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ելույթի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեքստը։

«Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ:

Ես ուզում եմ մի արձանագրում անել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես այս ամբիոնից շատ երկար, ըստ էության, ժամերով խոսել եմ Ղարաբաղի հարցի գործընթացից՝ բովանդակային առումով, խոսել եմ պատերազմից և դրա կարևոր հանգամանքներից՝ բովանդակային առումով և խոսել եմ վերջին երեք տարիներին Հայաստանում  տեղի ունեցած փոփոխություններից ու բարեփոխումներից՝ բովանդակային առումով: Եվ ես արձանագրում եմ, որ այդ բովանդակային բարձրաձայնումներից ու արձանագրումներից հետո մեր ընդդիմախոսները որևէ բովանդակային հակադարձում չեն ունեցել։ Սա շատ կարևոր արձանագրում է, և սա ես չափազանց կարևոր եմ համարում:

Բայց ուզում եմ 2 հանգամանքի, այնուամենայնիվ, անդրադառնալ, քիչ առաջ այս ամբիոնից հնչած հետևյալ շեշտադրմանը՝ ինչքանո՞վ ենք մենք եղել սկզբունքային, և ինչպե՞ս է, որ մենք ընդդիմություն եղած ժամանակ մի բան էինք ասում, իշխանություն եղած ժամանակ բոլորովին այլ բան էինք ասում:

«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում կարևորագույն կետերից մեկը եղել է 20 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը:

Ես, ճիշտն ասած, չհասցրեցի նայեմ, թե մեր գործընկերներն այդ փոփոխությանը ինչպես են քվեարկել՝ կո՞ղմ են քվեարկել, թե՞ դեմ: Դեմ են քվեարկել: «Ելք» դաշինքի կարևորագույն դրույթներից մեկը եղել է համամասնական ընտրակարգի, այսինքն՝ քաղաքական ընտրությունների անցնելը: Եվ ես հիշում եմ, որ այն ժամանակ, երբ վերջերս խորհրդարանում քննարկվում էր համամասնական ընտրակարգի անցնելու տրամաբանությունը, և մեր հարգելի գործընկերները ցույց էին տալիս իրենց սկզբունքայնությունը, ինչպես համացանցում հայտնվեցին հայտնի ելույթների հայտնի կտորներ, որտեղ մարդիկ ավելի սկզբունքային էին կամ, ավելի ճիշտ, լրիվ հակառակն էին ասում: Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել:

Բայց կարծում եմ՝ այս 2 օրինակը բավարար է ցույց տալու համար այն, ինչի մասին խոսվում է: Ինչքանո՞վ ենք մենք սկզբունքային եղել: Ես մի բան կարող եմ ասել. մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից: Սա ճշմարտություն է: Բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից: Հեղափոխությունից առաջ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և վենդենտաներ չեն եղել: Այո, մենք խոսել ենք արդարության և արդարադատության մասին և, էլի եմ ասում, «վենդենտաներ չեն լինելու» մենք խոստացել ենք այն պայմաններում, երբ, այո, ունեինք անսահմանափակ իշխանություն՝ ժողովրդի կողմից տրված:

Մենք խոստացել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, և մենք խոստացել ենք, որ բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելուն մասնակցելու իրենց հնարավորությունը: Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, ինչի՞ միայն Օսիպյանին, էլի մարդկանց կարող են տալ երեսով: Բայց ես հենց այս ֆոնին ուզում եմ ընդգծել այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ։ 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին:

Այս դահլիճում՝ դահլիճի այս հատվածում (ձախ) նստած մարդիկ իրար հետ կապված չեն ո՜չ բիզնես, ո՜չ ինչ-որ այլ ստվերային կապերով: Այս մարդկանց իրար հետ կապել են միայն արժեքները և միայն սկզբունքները: Եվ կային մարդիկ, ովքեր, օրինակ, համոզված էին՝ նոյեմբերին, հոկտեմբերին և նույնիսկ սեպտեմբերին, այդպես արդեն խոսվում էր, որ պետք լինի, չգիտեմ, 5 մլն, 10 մլն, 50 մլն դոլար կդնեն և «Իմ քայլը» խմբակցությունից 20, 23 հոգի, հազար ներողություն այդ արտահայտության համար, կգնեն: Չգիտեմ՝ որտեղ են դրել, բայց մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ, և մենք տեսանք և կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով մտահոգված հեռանում էին, տեսնենք, թե ուր կհասնեն: Ես կարծում եմ, որ նրանք հասել են արդեն:

Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը, որովհետև, չգիտեմ, Օսիպյաններ, Պողոսյաններ, էլ ինչեր, կարող եմ բարձրաձայնել, բայց «Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ արժեքների և սկզբունքների մասին խոսակցությունն ուղղակի կենաց և վերնագիր չէ, այլ մի բան է, որը կա, գոյություն ունի 21-րդ դարի Հայաստանում: Եվ այս փաստն է, որ պիտի մեր ժողովրդին, մեր հանրությանը հպարտության առիթ և տեղիք տա:

Եկեք նայենք մեր խորհրդարանական պատմությանը: Մենք անցել ենք 1998 թվականի փորձություն, 1999 թվականի փորձություն, և եղել են խմբակցություններ, որտեղ թվում է թե հավաքվել են մարդիկ, ովքեր ամենածանր փորձություններով են անցած եղել, բայց նրանք այս փորձությանը չեն դիմացել: Ամենադաժան փորձությանը դիմացել են այն մարդիկ, ում հենց դա չի ներվում։ Ձեզ, մեզ դա չի ներվում, որովհետև մարդիկ չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է չծախվել այն ժամանակ, երբ բորսայում ամենամեծ և ամենաբարձր գներն են: Հենց դա չի ձեզ ներվում, մեզ ներվում, ուրիշ որևէ բան չմտածեք: Ինչպե՞ս կարելի է չծախվել, չէ՞ որ միլիոններ են:

Եվ այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի Հանրապետության ամենամեծ հաղթանակն է և ապագայի ամենամեծ հաղթանակն է: Եվ կրկին իմ շնորհակալության խոսքերը «Իմ քայլը» խմբակցությանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից:

Շնորհակալ եմ։ Եվ որևէ մեծը չկասկածի, որ ապագա կա, կա ապագա:

Շնորհակալ եմ»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ