Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն

Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին հրավիրեց այց կատարել Ռուսաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովն ասաց Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել եմ այց կատարել Ռոսաստանի Դաշնություն՝ տարբեր հարցերի շուրջ մեր քննարկումները շարունակելու համար»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշեց, որ Երևանում Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ:

«Բանակցությունների արդյունքում մենք ընդգծել ենք, որ մեր միջև ընթանում է բարձր մակարդակով երկխոսություն: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները: Դաշնային խորհրդի պատվիրակությունն այցելել է Երևան՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Ազգային ժողոիվ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա»,- նշեց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելեց, որ իրենք բարձր են գնահատում երկու երկրների փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացներում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱԿՊ-ում:

«Ռուսաստանը մնում է Հայաստանի ամենամեծ գործընկերը: Ընդգծել ենք նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կարևորությունը»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ