Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները

Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու 
իրավունքներին առնչվող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքում խնդիրների շեշտակի ավելացում  է նկատել Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի հետևանքով, ի հայտ են եկել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին առնչվող խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ-ում ՄԻՊ-ի 2020 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե կոնկրետ որ մարզում, որ տարածքներում են մարդու իրավունքները ոտնահարվել ավելի շատ, և խնդիրը կապված է անձերի՞ հետ, թե՞ համակարգային է:

«Դրանք համակարգային խնդիրներ են, տարիներով կուտակված խնդիրներ են, նույնիսկ քրոնիկ դաձած խնդիրներ կան, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար բժշկական ծառայությունների ոչ հասանելիությունը: Եթե կա էլ, չափազանց թանկ լինելու պատճառով ծնողը չի կարող իրեն թույլ տալ և այլն»,- ասաց ՄԻՊ-ը:

Նա շեշտեց, որ կան նաև խնդիրներ, որոնք, բնականաբար, դրական լուծումներ են ստանում:

«Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները արտաքին գործոնի՝ զինված հարձակումների հետևանքով: Անգամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Եթե Կապան համայնքից մարդը գնում է դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ գյուղեր, ճանապարհին կան  ադրբեջանական ցուցանակներ, զինվորականներ և դրոշներ, մարդիկ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկել, օրինակ, երեկոյան ժամերին, որովհետև մտավախություն ունեն իրենց անվտանգության համար: Սա լրիվ նոր խնդիր է, որը վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին: Մարդիկ նույնիսկ խուսափում են բժշկական օգնության մեկնելուց, եթե, օրինակ, Կապան կամ որևէ այլ տեղ են մեկնում, նախընտրում են գիշերով չերթևեկել»,- ասաց Թաթոյանը:

Նա նկատեց, որ տիպային խնդիրներ կան բոլոր մարզերի համար՝ բժշկական ծառայությունների հասանելիություն, իրազեկումերի պակաս, տարբեր հարցերում կարծրատիպերի առկայություն՝ օրինակ կանանց իրավունքների հետ կապված: Երկրորդ խնդիրը անհատական է, որը հիմա բնորոշ է Սյունիքի մարզին: «Սպեցիֆիկ է այն, չես կարող որևէ մարզի հետ համեմատել, առավելագույնը կարող ես Գեղարքունիքի մարզի հետ համեմատել, որովհետև այնտեղ նույնպես որոշակի խնդիրներ կան, բայց դրանք այն աստիճան ծավալով արտահայտված չեն, ինչպես Սյունիքում»,- ասաց Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am