ՊՆ-ն նախատեսում է բանակի հրամկազմի պրակտիկան կազմակերպել տարբեր երկրների զորամասերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է բանակի հրամանատարական կազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի հարցին:
«Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը ժամանակակից իրավիճակին: Պետք է այսօրվա հրամկազմն անցնի տարբեր պետությունների զորամասերում պրակտիկա, որպեսզի ռազմավարական օղակի սպայակազմն ունենա գիտելիքներ, որոնք օգտագործվում են տարբեր պետություններում»,- ասաց Հարությունյանը:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախատեսվում է թարմացնել նաև ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից:
Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների: