Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆիլմ՝ ամբողջ ընտանիքի համար. մեծ էկրան կբարձրանա «Մի անգամ դպրոցում» կինոնկարը

Ֆիլմ՝ ամբողջ ընտանիքի համար. մեծ էկրան կբարձրանա «Մի անգամ դպրոցում» 
կինոնկարը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընկերություն, նվիրում, պայքար հանուն կարևոր նպատակների և արդարության. այս և մի շարք այլ արժեքների մասին է պատմում «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը, որը Երևանի կինոթատրոններում կլինի ապրիլի 29-ից:

Ֆիլմի պրեմիերային ընդառաջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կինոնկարի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանի հետ, որի համոզմամբ՝ «Մի անգամ դպրոցում» զվարճալի ֆիլմը՝ հարուստ վառ կերպարներով, սյուժետային հետաքրքիր զարգացումներով, կհետաքրքրի թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին:

«Ֆիլմը ոչ թե հենց դպրոցին է անդրադառնում, այլ դպրոցի միջոցով  բարձրաձայնում է  խնդիրներ, որոնք, ըստ մեզ, առկա են մեր իրականությունում: Խոսքը երիտասարդների արժեքների, նրանց՝ հերոսների ընկալման մասին է: Ֆիլմի խնդիրն է ընդգծել, որ երեխաները հերոսների կարող են փնտրել գրքերում, ոչ թե սոցցանցերում:  Հերոս է այն մարդը, որն ունի բարձր արժեքներ, կարողանում է լուծել խնդիրներ, միայն ուժեղ տղա չէ, այլև արդարամիտ  մարդ բոլորի նկատմամբ»,-նշում է Ավագյանն ու հավելում, որ գործողությունները զարգանում  են դպրոցում, որովհետև հենց այդտեղ են ձևավորվում արժեքները, հենց դպրոցից են կյանք մուտք գործում, ուստի պետք է  դպրոցում լուծել խնդիրները:

Ֆիլմում արժեհամակարգի ձևավորողներն են ոչ միայն ուսուցիչները, ծնողները, այլև խորհրդավոր պապիկը և նրա գրքերը: Ներկայացվում են հայ և համաշխարհային գրականության այն նմուշները, որոնք հանրության լայն շրջանակին են ծանոթ և ընկալելի բոլորի համար:

Հանդիսատեսը կարող է տեսնել ուսուցիչների, աշակերտների ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը: «Մենք կհանդիպենք ոչ այդքան պարտաճանաչ, սովորող աշակերտների, որոնք այս կամ այն խնդրի դեպքում կարող են համախմբվել  և լուծել այն, կտեսնենք ուսուցիչների տարբեր, երբեմն գրոտեսկային կերպարների»,-շեշտում է Նարեկը:

Ֆիլմում ընդգրկված են սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը որդու հետ, Վահագն Գալստյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Արա Սարգսյանը և այլք:  Երիտասարդ դերասաններից են Արթուր Բեգջանյանը, Դալիթա Ավանեսյանը, Ստեփան Հովհաննիսյանը և ուրիշներ:

Դերասաններից շատերի հետ Ավագյանն արդեն իսկ համագործակցել է տարբեր նախագծերի շրջանակում: Նարեկը նշում է, որ սցենարը գրելիս երբեմն խոսում է կերպարի պես, որպեսզի հասկանա, թե այս կամ այն բառն ինչպես կարտասանեն օրինակ՝ Գրիգոր Դանիելյանը կամ Ռաֆայել Երանոսյանը:

Ավագյանը, որը «Գործակալ 044. օպերացիա Գեղարդ» կինոնկարի, «Դոմինո», «Տնփեսա», «Եռաչափ սեր», «Երե1» սիթքոմների, «Պլյուս-Մինուս» շոու-ներկայացման սցենարիստն է, ասում է՝ «Մի անգամ դպրոցում» ֆիլմում կարող ենք նորովի բացահայտել Մկրտիչ Արզումանյանին, որը կերտել է ամենառոմանտիկ հերոսի՝ Դոն Կիխոտի կերպարը: «Նայում ես Դոն Կիխոտին ու մոռանում, որ Մկրտիչն է խաղում: Կարծում եմ՝ դա մեծ հաջողություն է»,-ընդգծում է սցենարիստը:

Ֆիլմում քիմիայի ուսուցչի էքսցենտրիկ դերակատարումը ռեժիսոր Հարություն Խալաֆյանը վստահել է հենց Նարեկ Ավագյանին:  Նարեկի խոսքով՝ ֆիլմը Խալաֆյանի դեբյուտային աշխատանքն է: Սցենարիստը առիթ է ունեցել նրա հետ համագործակցել  «Դոմինո», «Տնփեսա» սիթքոմների շրջանակում: «Դերասան չեմ, և չեմ ցանկանում շատ խոսել այս մասին: Դերը փոքր է, բայց հետաքրքիր»,-նշում է նա:

«Մի անգամ դպրոցում» կինոնկարը Տիգրանի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախակի հայտնվում է պատմությունների մեջ և չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ: Տիգրանը հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակն ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույն դպրոց, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել: Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին՝ անկախ ի հայտ եկած թաքնված չարագործից։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Պրոդյուսերներն են Տիգրան Համբարձումյանը և Վահան Գրիշկյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]