Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայկական կինոյի նահապետը. նա տաղանդավոր ռեժիսոր էր, սցենարիստ ու դերասան

Հայկական կինոյի նահապետը. նա տաղանդավոր ռեժիսոր էր, սցենարիստ ու 
դերասան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե ինձ անցյալում ասեին, թե կանցնի մի քանի տարի, եւ իմ հայրենիքում կինոարտադրություն կստեղծվի, ես դա անկեղծորեն պատրանք կհամարեի: Մինչդեռ անձամբ ինձ վիճակվեց ակտիվ մասնակցություն ունենալ ազգային կինոարվեստի ստեղծմանը Հայաստանում…»:

Համո ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

 

Հիրավի, նրան էր բախտ վիճակված՝ դնելու հայ կինոարվեստի հիմնաքարը, ստեղծելու ազգային առաջին ֆիլմերը, որոնք իրենց գեղարվեստական արժեքը չէին կորցնելու տասնամյակներ շարունակ, ինչու ոչ՝ նաեւ այսօր:

Մեծանուն արվեստագետը ծնվել է 1892 թ. Երեւանում, սովորել մայրաքաղաքի, այնուհետեւ՝ Տաշքենդի գիմնազիայում, ապա ավարտել Մոսկվայի առեւտրի ինստիտուտը: Երիտասարդ տարիներին եղել է հեծանվորդ, պրոֆեսիոնալ ըմբիշ, մասնակցել արտասահմանյան մրցումների, բազմիցս լուրջ վնասվածքներ է ստացել, անգամ հեռացվել է երիկամը, Մարոնի կեղծանունով ելույթներ ունեցել կրկեսում… Իսկ ինչպե՞ս է եղել նրա մուտքը կինոյի մեծ աշխարհ: Լսենք իրեն՝ կինոյում մոտ հարյուր դերեր մարմնավորած համբավավոր ռեժիսոր-դերասանին.

«Երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով: Իմ առջեւ այն կանգնեց մոտ երեսունհինգ տարեկան նիհարավուն, բարձրահասակ շիկահեր տղամարդու կերպարով… եւ առաջարկեց նկարվել կինոյում: Ես շփոթված հարցրի. «Իսկ ի՞նչ պետք է անեմ»: «Ձեզ ամեն ինչ կասեն»: Անծանոթն ինձ տվեց հասցեն ու անհետացավ…»:

Պարզվում է, որ Խանժանկովի ստուդիայում դերասան էր պահանջվում, իսկ իր բարետես արտաքինն արդեն իսկ գրավել էր հրավիրողի ուշադրությունը: Եվ որոշում է ուժերը փորձել այդ ասպարեզում: 1914 թ. հանդես է գալիս երկրորդական՝ հսկիչի դերով՝ հայտնի ռեժիսոր Վլադիմիր Գարդինի «Էնվեր փաշա՝ Թուրքիայի դավաճան» խորհրդանշական վերնագրով ֆիլմում: Մեկ տարի անց Համո Բեկ ծածկանունով սկսում է նկարահանվել ռուսական ֆիլմերում՝ ժամանակի հայտնի դերասանների հետ, մարմնավորում առաջատար դերեր՝ վաստակելով ռուսական կինոյի «ծագող աստղ» պատվանունը: Այդ օրերի ռուսական մամուլը նրան անվանում էր «գեղեցկատես Բեկ»: Ի դեպ, հայտնի դերասանուհի էր նաեւ նրա կինը՝ Սոֆյա Վոլխովսկայան, որի հետ ապրելու էր ամբողջ մի կյանք եւ իր հավերժական հանգիստը գտնելու էր նրա կողքին, Մոսկվայում… Իսկ մինչ իր անմահությունը՞…

1921 թ. Համո Բեկնազարյանը գլխավորում է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դառնում Վրաստանի պետկինոյի ռեժիսոր: Հարեւան երկրում նկարահանում է «Անարգանքի սյան մոտ», «Կորսված գանձեր» եւ «Նաթելլա» կինոնկարները, որոնք հագեցած են արեւելյան էկզոտիկ երանգավորումներով: Նկարել է ադրբեջանական «Սեւիլը» եւ «Սաբուհին», ուզբեկական ու տաջիկական, նանայական ու չեչենական ֆիլմեր: Նրա աջակցությամբ է ձեւավորվել կինոն Վրաստանում, ստեղծվել Ադրբեջանում: Ուստի բնավ պատահական չէ, որ նրան անվանում են «անդրկովկասյան կինոյի առաջամարտիկ»: Հայրենիքում Բեկնազարյանը հաստատվում է 1925-ից, հիմնադրում «Հայֆիլմ» կինոստուդիան: 1926-ին նկարահանում է հայկական առաջին գեղարվեստական համր ֆիլմը՝ «Նամուսը»՝ «լավագույնը բոլոր արեւելյան ֆիլմերից»: Իսկ մինչ այդ սիմվոլիկ միջոցներով նկարահանել էր «Զարե», «Շոր եւ Շորշոր» ժապավենները: 1936-ին նրա ստեղծած հայկական առաջին ձայնային ֆիլմը՝ «Պեպոն», դառնալու էր ոչ միայն կինոռեժիսորի գլուխգործոցը, այլեւ տեղ էր գտնելու հայկական կինոյի ոսկե պահոցում: Քիչ ավելի ուշ նկարահանվում են եւս երկու մեծարժեք ֆիլմեր՝ «Դավիթ Բեկ» հայրենասիրական էպիկական կտավը եւ «Զանգեզուրը»: Վերջինի համար ռեժիսորը «ժողովուրդների հոր»՝ կայսրության տիրակալ Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանանում: Այդ ֆիլմերի հաջողությունը պայմանավորված էր նաեւ դերասանական այնպիսի մեծություններով, ինչպիսիք էին Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Համբարձում Խաչանյանը, Հասմիկը, Դավիթ Մալյանը, Նինա Մանուչարյանը՝ տաղանդավոր դերասանների մի ամբողջ համաստեղություն, երեւելիներ, որոնք անջնջելի հետք են թողել մեր եւ թատերական, եւ կինոարվեստում:

Բեկնազարյանի հերթական՝ «Երրորդ քարավան» կինոնկարը լինելու էր հայրենադարձության մասին եւ, ինչպես վկայում են կինոաշխարհի մարդիկ, հավանաբար, դառնալու էր նրա ստեղծագործության բարձրագույն թռիչքը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում: Այս կինոնկարը 1915 թ. Մեծ եղեռնը վերապրած եւ աշխարհով մեկ սփռված այն հայերի մասին էր, որոնք 1946 թ. հայրենադարձվել եւ նոր կյանք էին սկսել: Դերերում հանդես էին եկել Ռուբեն Սիմոնովը, Դավիթ Մալյանը, վրաց դերասանուհի Վերիկո Անջափարիձեն, Հրաչյա Ներսիսյանը, ուրիշներ: Վերջին տեսարանների նկարահանման ժամանակ հանկարծ Մոսկվայից հրաման է գալիս, որ ֆիլմը հայտնվել է երկու տասնյակ արգելված ֆիլմերի ցուցակում: Ստալինին դուր չէր եկել վերնագիրը: Եվ նրա հրահանգով ոչնչացվում են նկարահանված բոլոր ժապավենները… Հասուն տարիքում հեղինակն առաջին անգամ արտասվում է…Դա 1950 թվականին էր…

Հայրենի կինոյի հիմնադիրը ցավով է լքում «Հայֆիլմ» կինոստուդիան, Հայաստանը եւ սկսում ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում: 1959 թ. Տաջիկստանում, իր ընկեր Էրազմ Քարամյանի հետ համագործակցությամբ, նկարահանում է իր միակ գունավոր ֆիլմը՝ «Նասրեդինը Խոջենթում»: Գլխավոր դերակատարը հայազգի դերասան Գուրգեն Թոնունցն էր: Դա Բեկնազարյանի երեսուներորդ եւ վերջին կինոնկարն էր… Նա իր անմահության ճանապարհն էր բռնելու 1965 թ. ապրիլի 27-ին, օտար երկնքի տակ՝ Մոսկվայում…

Ինչեւէ: Համո Բեկնազարյանի կյանքի պատմությունը, մասնավորապես՝ մուտքը կինոաշխարհ, ոչ նվազ հետաքրքրական սյուժե կարող էր ներկայացնել որեւէ կինոպատման համար: Գուցե արժի՞, որ այս մասին լրջորեն մտածեն մեր կինոռեժիսորները՝ անհամ ու ապազգային սերիալների փոխարեն ստեղծելով մնայուն արժեքներ՝ այդ կերպ նաեւ իրենց խոնարհումը բերելով հայ կինոարվեստի անմահ երախտավորին…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]