Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված. Արարատ Միրզոյան

Պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ 
արդարացված. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը.

«Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդկության պատմության այս ամենազարհուրելի ոճրագործությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված:

Արդար է, որովհետեւ յուրաքանչյուր չճանաչված եւ չպատժված ոճրագործություն  պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար: Մեկդարյա պատմությունը ցույց տվեց, որ, ցավոք, ցեղասպանությունները եւ ցեղասպան գործողությունները կրկնվեցին նաեւ աշխարհի այլ հատվածներում: Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որը մենք որպես պետություն եւ ժողովուրդ մղում ենք, ըստ էության ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր  ազգերի եւ ժողովուրդների, որպեսզի նրանք չանցնեն նույնպիսի արհավիրքի միջով, ինչ նախորդ դարասկզբին վերապրեց հայ ժողովուրդը:

Մեր պայքարն արդարացված է, որովհետեւ անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները, որոնց հետ հայ ժողովրդի բնակությունն իր բնօրրանում անհամատեղելի է: Դրա վառ ապացույցն էր նաեւ ադրբեջանաթուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ:

Մենք` որպես պետականություն, որի մասին երազում էին նախորդ դարասկզբին մեր պապերը, եւ որը մենք վերականգնեցինք արդեն դարի ավարտին, այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը: Իսկ մեր հարեւանները, ի վերջո, պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որեւէ տեղ չենք պատրաստվում հեռանալ: Հավատացած եմ, որ համահայկական ամբողջ ներուժը կենտրոնանալու է ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am