Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել

ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ներդրողների հետ, նախատեսում է մի շարք մշակութային հուշարձաններ ամրակայել ու վերականգնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ 2020-ին պետական միջոցներով վերականգնել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը ժամանակին ենթարկվել էր վանդալիզմի և վնասվել: Այն տեղադրվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում:

Մասնակի ամրակայվել և վերականգնվել է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Աշխատանքների ընթացքում ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքեր են հայտնաբերվել, և վերականգնման աշխատանքները ժամանակավոր կասեցվել են՝ նախագիծը վերամշակելու համար:

«Վերականգնվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքի եկեղեցին, և այս տարի կիրականացվեն եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները: Պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր: Անդրադառնալու ենք Մարմաշենի եկեղեցու ջրամեկուսացման նախագծին,  Շատիվանքի  վանական համալիրի վերականգնման նախագծին և Ագարակ հնավայրի ամրակայման ու թանգարանացման նախագծին»,-նշեց Վանյանը:

Նրա խոսքով՝ ունենք հսկայական մշակութային ժառանգություն և բազմաթիվ հուշարձաններ, որոնց վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, և նախարարությունը հնարավորություններ է փնտրում համագործակցել ներդրողների, բարերարների, հասարակական կազմակերպությունների, այլ շահագրգիռ կողմերի ու կազմակերպությունների հետ:

«Այս առումով ունենք բազմաթիվ հաջողված փորձեր: 2020-ին փոխգործակցության հուշագրի հիման վրա սկսվել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Օրեր անց կսկսվեն Վարագավանք վանական համալիրի գավիթներից մեկի վերականգնման աշխատանքները, և այդ գործընթացը շարունակական կլինի: Նախնական պայմանավորվածություն կա մի շարք հուշարձանների վերականգնման, ամրակայման, տարածքների բարեկարգման հետ կապված: Դրանցից են Երևանի Կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքը, Պտղնու տաճարը, Ավանի մատուռներից մեկը և այլն»,- բ շեշտեց վարչության պետը:

Մասնավոր ներդրողների հետ համագործակցության պարագայում անհրաժեշտության դեպքում նախարարության մասնագետներն իրականացնում են անվճար նախագծային աշխատանքներ, որ թեթևացնեն ներդրողների ֆինանսական բեռն ու հնարավորինս արագ կազմակերպեն թղթարարական գործընթացները:

«2021-ին նախատեսված է մի քանի նոր նախագծի իրականացում, որոնք հետագայում կվերականգնվեն, օրինակ՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարը, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերը և կից տարածքները: Կարևոր է նաև Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ ճանապարհաշինարարներ Դավիթ Բեջանյանի և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնումը: Ժամանակին այդ քանդակները ևս վանդալիզմի են ենթարկվել ու թալանվել: Կարևոր է ցույց տալ, որ պետությունը տեր է կանգնում իր ժառանգությանը»,-ընդգծեց Հարություն Վանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am