Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում անցած տարի արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ

Արցախում անցած տարի արձանագրվել է սեփականության դեմ ուղղված 
հանցագործությունների կտրուկ աճ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի Արցախի տարածքում անցած տարի շեշտակի՝ 208 դեպքով, աճել են   սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, որին նպաստող պայման է հանդիսացել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ՝ 2020-ին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 488 դեպք:

«Վերլուծելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների պատճառները և դրանց կատարմանը նպաստող պայմանները` կարելի է արձանագրել, որ ինչպես նախորդ տարիներին` հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց կատարմանը նպաստող հիմնական պայմանը ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակն է (հանցագործություն կատարած 671 անձանցից 287-ը կամ շուրջ 42,7տոկոսը գործազուրկ էր և սոցիալապես անապահով վիճակում:

Բացի այդ՝ ըստ հանցագործությունների վիճակագրական վերլուծության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող պայման է հանդիսացել նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները: Այդ ընթացքում շեշտակի աճել են հատկապես գողության դեպքերը:

«Դրա համար նպաստավոր պայման էին սեփականատիրոջ կողմից իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելը, բնակարանների, ավտոմեքենաների  դռների, պատուհանների բաց լինելը, նշված օբյեկտների անվտանգության պայմանների ոչ պատշաճ ապահովումը, ռազմական գործողություններով պայմանավորված՝ հանրության մոտ ձևավորված անպատժելիության մթնոլորտը, պետական կառավարման մարմինների ու իրավապահ համակարգի աշխատանքային կազմակերպվածության ու կարգապահության աստիճանի նվազումը և այլն»,-նշել են Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ 2020 թվականին արձանագրվել է գողության եղանակով գույքի հափշտակության 358 դեպք (2019թ.` 192 դեպք), որից 34-ը  բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր են (2019թ.` 18-ը):

Նույն ժամանակահատվածում՝ արձանագրվել է խարդախության եղանակով գույքի հափշտակության 23 դեպք` նախորդ տարվա՝ 13-ի դիմաց: Արձանագրվել նաև յուրացման կամ վատնման եղանակով գույքի հափշտակության 15 դեպք՝ նախորդ տարվա 9 դեպքի փոխարեն: Գույքի հափշտակության շուրջ 14 դեպք է արձանագրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ (նախկինում 1 դեպք):

Առանց հափշտակելու նպատակի՝ ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու դեպքերը կազմել են՝ 40,  (2019 թվականին` 1), իսկ ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի թիվը՝ 28 է (2019թ.` 18):

Անկում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում, որը 2020-ին կազմել է 62,4 տոկոս, նախորդ տարվա` 84,5 տոկոսի փոխարեն:

Ըստ դատախազության՝ հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շեշտակի աճ է արձանագրվել մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտի և Մարտունու շրջաններում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]