Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարությունը զգալու համար հանրությունը պետք է տեսնի վերականգնման ընթացքը.Արցախի գլխավոր դատախազի հարցազրույցը

Արդարությունը զգալու համար հանրությունը պետք է տեսնի վերականգնման 
ընթացքը.Արցախի գլխավոր դատախազի հարցազրույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է  ադրբեջանական զինված ուժերի ռազմական հանցագործությունների դեպքերի քննության ընթացքին, պատերազմի ընթացքում քաղպաշտպանության կազմակերպման գործում պաշտոնյաների թերացման դեպքերով հարուցված քրեական գործերին, իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության գործունեությանն ու դատախազության գործունեության այլ մանրամասների:

-Պարոն Ներսիսյան, ինչ փոփոխություններ է կրել Արցախի դատախազության գործունեությունը՝ պայմանավորված 44-օրյա պատերազմով ու դրա հետևանքներով:

-Ռազմական գործողությունները՝ հատկապես, երբ դրանց արդյունքում տուժել են քաղաքացիական անձինք, ենթակառուցվածքներ և այլն, քննչական մարմինների կողմից դիտարկվում են որպես քննության առարկա, իսկ դատախազությունը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության և դատավարական ղեկավարում ապահովելու առումով: Առհասարակ իրեն վերապահված լիազորությունների իրականացման մասով դատախազության գործունեությունը փոփոխություն չի կրել: Այդուհանդերձ, սովորականից տարբերվող դեպքեր են որպես քննության առարկա դիտարկվում: Ըստ էության, նաև  այդ պատճառով է ծանրաբեռնվել դատախազության աշխատանքը: Բացի Ադրբեջանի կողմից իրագործված ռազմական հանցագործություններից, նաև քրեական վարույթ է իրականացվում Արցախի պաշտոնատար անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ պատերազմական գործողություններին զուգահեռ, քաղպաշտպանության գործողությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքերի վերաբերյալ:

-Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված ռազմական հանցագործությունների դեպքերի մասով ինչպիսի՞ գործառույթներ և քննություն է իրականացնում Արցախի դատախազությունը և ինչ է հետևելու դրան:

-Ներկայում՝ որպես քրեական դատավարության խնդիր, մենք քննության առարկա ենք դիտարկում բոլոր դեպքերի հանգամանքները պարզելը՝ մասնավորապես թե երբ է կատարվել այս կամ այն ենթադրյալ հանցավոր արարքը կամ ռազմական հանցագործությունը, ում կողմից, որովհետև այս գործընթացը ոչ միայն փաստագրման նպատակ է հետապնդում, այլ նաև ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ Ադրբեջանի հանցագործություն կատարած զինվորականներին պարզելու ուղղությամբ: Հետագայում քննության արդյունքում՝ բոլոր հանգամանքները և հանցագործություն կատարած հնարավոր անձանց շրջանակը պարզելուց հետո, հաշվի առնելով և առկա իրողությունները, և միջազգային հարթակներում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները, իրավապահ մարմինների՝ այդ թվում նաև Հայաստանի մեր գործընկերների աջակցությամբ,  կփորձենք նաև պատասխանատվության ենթարկելու գործընթացն իրականացնել:

-Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ներկայում քանի՞ գործ է քննվում դատախազությունում:

-Այդ առումով քրեական գործեր հարուցվել են պատերազմական գործողություններին զուգահեռ՝ ագրեսիվ պատերազմի, մեր պատմամշակութային արժեքների խոցելու դեպքերի կապակցությամբ : Ընդհանուր առմամբ, հարուցվել էր, այսպես ասած, խոշոր 4 քրեական գործ: Դրանց մի մասն արդեն մեկ քրեական գործի վարույթին է միացվել: Մնացածները, նույնպես, առաջիկայում կամբողջանան մեկ քրեական վարույթի շրջանակում՝որպես մեկ ամբողջական հանցավոր դրսևորում: Քննության են առնվում նաև հետպատերազմյա հանցագործ դրսևորումները՝մասնավորապես Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման դեպքը:

-Հանրության շրջանում լայն արձագանք ու տարաբնույթ մեկնաբանություններով՝ քննարկման առարկա էր նաև Կարմիր շուկայում հրկիզված քաղաքացու հայտնաբերման դեպքը: Դուք ինչպե՞ս կպարզաբանեիք:

-Դատախազությունը չի կարող այս կամ այն ենթադրյալ դեպքի վերաբերյալ կանխակալ մոտեցում ունենալ: Մենք փորձում են հայտարարություններ անել առնվազն մինչդատական վարույթն իրականացնելուց հետո, որպեսզի լիարժեք տեղեկություն ունենանք տվյալ  երևույթն այս կամ այն կերպ կոչելու և դեպքի հանգամանքները հանրությանը ներկայացնելու համար: Այդ դեպքի կապակցությամբ նույնպես կանխակալ կամ ձևավորված դիրքորոշում, կամ կարծիք չունեմ, բայց զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները կամ անհատական կարծիքները հաճախ կարող են խանգարել քննությանը: Բացի այդ, դրանք առանձին դեպքերում նաև չհիմնավորված վախի ու սարսափի մթնոլորտ կարող են ձևավորել մարդկանց մոտ: Որոշ հայկական լրատվամիջոցներ Կարմիր շուկայի դեպքի վերաբերյալ տալիս էին մեկնաբանություններ, որոնցում  հաշվի չէին առնվում, որ այդ նույն գյուղում կան մանկահասակ երեխաներ, ծնողներ, որոնք նույն օրը երեկոյան իրենց տանը պիտի պառկեն ու քնեն: Հետևաբար, առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դեպքի վերաբերյալ կարծիքը լսելու արված բուռն, ոչ լիարժեք մեկնաբանությունները լուրջ վնաս են հասցնում հատկապես շփման գծին մոտ գտնվող մեր բնակիչներին: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, կոչ կանեի նման դեպքերին արձագանքելուց առաջ փորձել մշտապես լսել նաև իրավապահների կարծիքը կամ նախնական հայտարարությունը: Կարմիր շուկա գյուղը, որի բնակչության մեծամասնությունը վերադարձել է պատերազմից հետո, գտնվում է արցախա-ադրբեջանական շփման գոտում: Այդ մարդկանց պարբերաբար սթրեսի ենթարկելն ու չհիմնավորված վախի մթնոլորտ ստեղծելը, կարծում եմ, արդարացված չէ:

-Հետպատերազմյա իրողություններով պայմանավորված՝ Արցախի բնակչության կողմից դատախազությունում ինչ բնույթի դիմումներ են գրանցվել:

-Մենք բավականին դյուրացրել ենք դատախազությանը, հատկապես՝ Գլխավոր դատախազի տեղակալներին անձնական ընդունելության եղանակով դիմելու գործընթացը: Ընդունելության ժամանակացույցը՝ աշխատանքային շաբաթվա բոլոր օրերն են: Այնուհետև դիմողների որոշակի հոսք ունեցանք: Բացի այդ, ունենք դիմումներ, որոնք առավելապես պայմանավորված են՝ առօրյա, հատկապես՝ տեղահանված բնակիչների կողմից այս կամ այն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու խոչընդոտները վերացնելու խնդիրներով: Այս պահի դրությամբ՝ չունենք հանցագործությունների և դրանցից տուժածների վիճակագրության աճ:

-Ինչպիսի ծրագրեր ունի Արցախի դատախազությունն առաջիկայում:

-Մենք քաղաքացիների առավել խոցելի խումբ և առաջնահերթ շահառուներ ենք դիտարկում իրենց բնակավայրերից տեղահանված բնակչությանը: Պոտենցիալ մեծ է նրանց իրավունքների խախտման հավանականությունը: Հետևաբար, նրանք պաշտպանության կարիք ունեն: Այդ առումով դատախազությունն ու առհասարակ պետական կառավարման ամբողջ համակարգը, պետք է գործեն նորովի՝ ձեռնարկելով բոլոր հնարավոր, առավելագույն միջոցները: Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքը նպատակաուղղված է տեղահանված բնակչության խնդիրներին տիրապետելուն և մշտապես արձագանքելուն: Մի բան է՝ լինել անընդհատ շփման մեջ այդ խնդիրներն ունեցող մարդկանց հետ, մեկ այլ՝ երբ սովորականի պես սպասենք, որ լինի խնդիր և դիմեն մեզ: Դրա համար մենք փորձում ենք լինել քաղաքացիների այդ խոցելի խմբին հնարավորինս մոտ, որպեսզի նախ կանխարգելման գործառույթը պատշաճ իրականացնենք,իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ հնարավորինս արագ արձագանքենք: Մեզ համար առանցքային նշանակություն ունի դատախազության աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, որը փորձում ենք հնարավորինս պատշաճ իրականացնել: Գիտակցում ենք, որ արդարության վերականգնումը զգալու համար հանրությունը պետք է նաև տեսնի այդ ընթացքը, որը հանրության վստահությունը շահելու, իսկ առանձին դեպքերում նաև վերականգնելու կարևորագույն ձևերից է:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am