Ստեփանակերտում նոր բնակելի թաղամասի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պատերազմի հետևանքով վնասված շենք-շինությունների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը գրանցել է ավելի քան 7000 դիմում, որից ավելի քան 4500-ը Ստեփանակերտում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայում շինարարական աշխատանքներ են ընթանում մոտ 960 օբյեկտներում:
«Ավելի քան՝ 2500 հասցեներում փոխվել են դուռ-պատուհաններ, իսկ 2600-ից ավելի տանիքների վերանորոգման նպատակով շինանյութ է տրամադրվել»,- մանրամասնեց Սարգսյանը:
Նախարարի հաղորդմամբ, ըստ սեյսմիկ ծառայության եզրակացության՝ Ստեփանակերտում հրետակոծությունների հետևանքով հիմնովին ավերված բնակելի 25 շինություններից վերականգնման ենթակա չէ 23-ը:
«Դրանց վերակառուցման համար պատվիրված են նոր նախագծեր, որոնց ավարտից հետո սկսելու ենք շինարարական աշխատանքները»,-նշեց նախարարը:
Առաջիկայում նոր բազմաբնակարան շենքերով թաղամասերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում, իսկ ներկայում կառուցվողները շահագործման կհանձնվեն ընթացիկ տարում:
«Արդեն մրցույթ է հայտարարվել Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցում նախատեսվող նոր՝ 204 բնակարանով թաղամասի կառուցման համար: Նախագծման փուլում են Աջափնյակ թաղամասում նախատեսվող 60 բնակարանից բաղկացած շենքերը:
Այս տարվա սեպտեմբերին կավարտվի Ստեփանակերտի Թումանյան փողոցի տարբեր հատվածներում կառուցվող ընդհանուր առմամբ 261 բնակարան ունեցող շենքերի շինարարությունը»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում հին ու տիրազուրկ բնակֆոնդի վերակառուցման արդյունքում՝ բնակարանով ապահովվել է ավելի քան 100 տեղահանված արցախցի ընտանիք: Պատերազմից հետո Արցախի տարբեր բնակավայրերում վերանորոգման աշխատանքներ են սկսվել ավելի քան 360 տիրազուրկ առանձնատներում:
«Վերանորոգման ընթացքում պարտադիր պայմաններից է նաև առանձնատանը սանհանգույցի և խոհանոցի հատվածների կառուցումը»,-ավելացրեց Սարգսյանը:
Ըստ նախարարի՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հետ համատեղ Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շրջանակում արդեն իսկ մրցույթ է հայտարարվել ընդհանուր առմամբ մոտ 300 բնակարանից բաղկացած՝ 10 նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար:
«Մասնավորապես Ստեփանակերտում նախատեսվող բնակարանները տրամադրվելու են զոհված ազատամարտիկների ընտանիքներին, Հադրութ և Շուշի քաղաքներից տեղահանված բնակչությանը»,-նշեց քաղաքաշինության նախարարը:
Վան Նովիկով