Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը՝ լավ տեղ կրեատիվ մարդկանց համար. ամփոփվել են հայկական տեքստիլի զարգացման ծրագրի արդյունքները

Հայաստանը՝ լավ տեղ կրեատիվ մարդկանց համար. ամփոփվել են հայկական տեքստիլի 
զարգացման ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 26-ին կայացել է «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակման արարողությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Քլարկը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ, հայ դիզայներներ ու տեքստիլ արտադրողներ, ոլորտի տեղական ու միջազգային գործընկերներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը պետք է դառնա լավ տեղ կրեատիվ մարդկանց համար և այն տաղանդն ու ստեղծագործական  ներուժը, որ կա հայ ժողովրդի մեջ, այդ թվում՝ նաև նորաձևության ոլորտում, պետք է կարողանանք հնարավորինս բացահայտել ու զարգացնել»։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանն ու ներկայացմանը համաշխարհային հարթակներում։

Երկամյա ծրագրի նպատակն էր բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտի տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայացվածությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել  նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրն իրականացվել է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի կողմից, ֆինանսավորվել՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են Eco-Age և Fashion Scout բրիտանական կազմակերպությունները:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ձեռքբերումները՝ կարողությունների զարգացման և ՓՄՁ-ներին աջակցություն՝ նորարարական բիզնես հմտությունների և տեխնիկական գիտելիքների արդիականացում, «Արտադրված է Հայաստանում» հարթակի առաջմղում տեղական և միջազգային շուկաներում, Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում հայ դիզայներների մասնակցությունը Fashion Scout-ի առցանց հարթակում, courses.fdc.am կրթական առցանց հարթակի ստեղծում, որի նպատակն է ոլորտին առնչվող նորարարական մեթոդական էլեկտրոնային մոդուլների տրամադրումը սկսնակներին, ՓՄՁ-ներին և ուսանողներին, «Նորաձևության և տեքստիլ ոլորտի կրթական համակարգի առկա մարտահրավերները» հետազոտության արդյունքներ, Էկո-նորաձևության արշավ, որի նպատակն է իրազեկել առկա բնապահպանական այն խնդիրների մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են նորաձևության և տեքստիլ արդյունաբերության հետ, «Հայաստանում կայուն տեքստիլ արտադրության և վերամշակման մատակարարման շղթայի մոդելի ստեղծում․ գործողությունների ճանապարհային քարտեզ, հետազոտություն, Miashop.am-ի միասնական առցանց խանութի ստեղծում:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն՝ #MadeinArmenia՝ հայ դիզայներների և տեքստիլ ապրանքանիշերի համատեղ ներկայացմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am