Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Ռուստամ Բադասյանը Հայաստանի համար ավելի հարմար է համարում մաքուր համամասնական ընտրակարգը

Ռուստամ Բադասյանը Հայաստանի համար ավելի հարմար է համարում մաքուր 
համամասնական ընտրակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի առկայության պայմաններում, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա որևէ խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բադասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իշխանությունը ընտրություններին փոփոխված Ընտրական օրենսգրքով գնալու դիրքորոշում ունի՞ այս պահին:

«Մենք համապատասխան դիրքորոշումը կարտահայտենք: Բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե քաղաքական ուժերի շրջանում, թե քաղհասարակության դիրքորոշումը, թե մեր հանրության մեծամասնության դիրքորոշումը՝ իմ զգացողությամբ, այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար: Տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ: Իսկ մեր նման երկրի համար կարծում եմ, որ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է ու ավելի նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: Եվ այս մասով մենք քննարկումները շարունակում ենք»,-ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից արդեն շրջանառության մեջ դրվել է Ընտրական օրենսգիրքը, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Բադասյանը կարծում է, որ մոտ օրերս լուծում կունենան: Խոսելով քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի մասին՝ նա ասաց.  «Կարծում եմ՝ այդ դեպքում, եթե փոփոխությունները տեղի ունենա հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով»:

Կուսակցությունների՝ խաղի կանոններին պատրաստվելու մասով նախարարը խնդիր չի տեսնում:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է մինչև հունիսի 20-ը ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ Բադասյանն ասաց. «Տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ»:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]