Սպորտ

Շախմատի առաջնության հաղթողները պարգևատրվեցին

2 րոպեի ընթերցում

Շախմատի առաջնության հաղթողները պարգևատրվեցին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած պարգևատրմանը մասնակցեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն, ով անձամբ պարգևատրեց մրցանակակիրներին:8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնեց առաջատարի դերը և վստահորեն պահպանեց այն մինչև մրցաշարի ավարտը։

Գաբուզյանը 34 կետով բարելավեց անհատական վարկանիշը և դարձավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։

7 միաովորով 2-3-րդ հորիզոնականները բաժանեցին Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին հասավ բրոնզե պարգևը:

Հայաստանի կանանց 2021 թվականի առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվեց մինչև վերջին տուր։ Վերջին խաղափուլից առաջ Մարիա Գևորգյանը 6 միավորով գլխավորում էր աղյուսակը, իսկ Գաբոյանը 5,5 միավորով 2-րդ հորիզոնականում էր։ Վերջին տուրում Սուսաննա Գաբոյանը վստահ հաղթանակ տոնեց Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ, իսկ Մարիա Գևորգյանը, ունենալով մեծ առավելություն Սիրանուշ Ղուկասյանի հետ պարտիայում, վճռորոշ պահին չիրացրեց առավելությունը, կատարեց մի շարք սխալներ և պարտվեց։ Վերջին տուրում հաղթանակներ գրանցեցին նաև Մարիամ Մկրտչյանը, Նարե Առաքելյանը և Արփինե Գրիգորյանը։

Արդյունքում, Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով հռչակվեց 2021 թվականի Հայաստանի կանանց չեմպիոն։ Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը 6-ական միավորով բաժանեցին 2-3-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ արծաթե մեդալիարժանացավ Մկրտչյանը, իսկ Գևորգյանին բաժին հասավ միայն բրոնզե պարգևը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում