Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ գերիների վերադարձը

Արմեն Սարգսյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ 
գերիների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գեներալ Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների իրականացման ընթացքի մասին՝ ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ցուցաբերում է ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու հաջողություններ մաղթել իրենց ծառայության մեջ:

Զրուցակիցները քննարկել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր: Արմեն Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am