Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրեց «Հարսանեկան երգեր» (մաս Ա), «Կոմիտասը և իր ժառանգությունը» տարեգիրքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը գրքեր է հրատարակում հիմնադրման օրից ի վեր: «Կարևոր շարք ենք համարում տարեգիրքը, որի «Կոմիտասը և իր ժառանգությունը» 5-րդ հատորը լույս տեսավ 2020-ին: Այն միջազգային է. հոդվածների հեղինակներն ինչպես Հայաստանից են, այնպես էլ արտասահմանյան տարբեր կազմակերպություններից, հեղինակավոր համալսարաններից»,-նշեց Շախկուլյանը:

Հատորում տեղ են գտել Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առթիվ Բեռլինի Հումբոլդտի և Հալլեի Մարտին Լյութեր համալսարաններում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում ներկայացված նյութեր: Գիրքը հասցեագրված է երաժշտագետներին, արվեստաբաններին, մշակութաբաններին, միջնադարագետներին, ֆոլկլորագետներին,  հայ երաժշտությամբ հետաքրքրվողներին: Կոմպոզիտորական արվեստից բացի անդրադաձ է կատարվել նաև ժողովրդական և հոգևոր երաժշտությանը: Չեն սահմանափակվել միայն հայկականով և ներառել են այլ ազգերի հոգևոր, ժողովրդական գործերը:

Գիրքը լույս են ընծայել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության՝ ի դեմս դեսպան Աշոտ Սմբատյանի աջակցությամբ:

Խոսելով «Հարսանեկան երգեր» գրքի մասին՝ Շախկուլյանը նշեց, որ ոչ թե գիտական, այլ կրթական խնդիր են իրենց առաջ դրել: Նա ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում: «Մեր ամենասիրված կրթական ծրագրերից մեկի շրջանակում մարդիկ արաշակի թեմայի շուրջ հանրամատչելի դասախոսություն են լսում և այդ թեմային առնչվող երգեր սովորում: Ծրագիրն իրականացնելիս պարզ դարձավ, որ հայերեն երգերի տառադարձումների և թարգմանությունների կարիք կա, քանի որ արտասահմանցիները նույնպես մասնակցում են ծրագրին:  Նախաձեռնեցինք «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարը, որի առաջին հատորը քնարական երգերին էր նվիրված, երկրորդը՝ պարերգերին, իսկ երրորդ հատորը, որը նաև երկրորդ մաս կունենա, հարսանեկան երգերին: Ընտրում ենք հիսուն երգ, որոնք գիտական տառադարձումներով ներկայացվում են գրքում: Կան նաև նոտաները, երգերի անգլերեն թարգմանությունները: Գիրքը կազմել և խմբագրել են Լիլիթ Հարությունյանն ու Աստղիկ Մարտիրոսյանը: Այն լույս է տեսել Երևանում Գյոթե կենտրոնի հետ համագործակցության արդյունքում»,-պատմեց Տաթևիկը:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը «Կոմիտասը և իր ժառանգությունը» տարեգրքի առանձնահատկությունն է համարում այն, որ գիրքը ծնվել է տարբեր հաստատությունների հետ համագործակցությամբ:

«Խորհրդանշական է, որ այն հրատարակվել է Կոմիտասի մայր բուհի հետ համագործակցությամբ: Շատ կարևոր համագործակցություն է դա. Հումբոլդտի համալսարանում Կոմիտասին նվիրված գիտաժողով կազմակերպեցինք, որին մասնակցեցին ոչ միայն հայեր, այլև գերմանացիներ, իտալացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Այս ժողովածուն հասցեագրված չէ ընթերցողների լայն շրջանակին, բայց գիտական առումով սոսկ երաժշտագետների համար չէ: Այն հումանիտար հսկայկան ոլորտ է ներառում՝ և՛ բանահյուսություն, և՛ էթնոերաժշտագիտություն, և՛ ժողովրդագրություն, պատմություն և այլն: Պարբերականը բազմալեզու է՝ հայերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն: Հիմք է և հույս է տալիս, որ հետագայում ևս կկարողանանք նման համագործակցությունը շարունակել  եվրոպացի գործընկերների հետ»,-շեշտեց Նավոյանը:

«Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Հարսանեկան երգեր» գիրքն էլ նոտագրություն է, որը, հույս ունեն, պետք է հնչի ազգի լայն շերտերում: «Եթե տեսնենք, թե մեր իրականությունում հարսանիքն ինչի է վերածվել, եթե այսօրվա  հարսանիքը համեմատենք դեռևս 20-րդ դարի կեսի հարսանիքների հետ, կհասկանանք, թե ինչպիսի վիհեր են մեզ անջատում մեր ավանդույթներից: Այդ հսկա ծիսական համալիրի ողբերգական աղավաղումների ու դեֆորմացիաների հիմնական պատճառներից է երաժշտությունը: Մի աղոտ հույս ունենք, որ այս հրատարակությունները կարող են մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել այն երգային ու երաժշտական շերտերի հանդեպ, որոնք կային հարսանիքների ժամանակ: Հույս ունենք, որ համեմատելիս կտեսնեն, որ այսպես էլ կարելի է հարսանիք անել և ավելի շքեղ կլինի, որ երգերի միջոցով գուցե վերադառնան հարսանիքի խորհրդաբանությանը, ծիսական համակարգին, որի բազմաշետությունն ու գեղեցկությունն անմրցակից են»,-եզրափակեց Մհեր Նավոյանը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]