Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոռու մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են 45%-ով. մարզի դատախազը դիմել է ոստիկանություն

Լոռու մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են 45%-ով. մարզի 
դատախազը դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2020-ի ընթացքում նույն մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի անտառահատումների (դրանց դեպքերը 2019-ի համեմատ ավելացել են 45%-ով), ինչպես նաև՝ դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների իրականացման գործընթացում օրինականության պահպանման վիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 263 դեպք, որոնցից 138 դեպքով հարուցվել են քրեական գործեր: Ապօրինի անտառահատումներին առնչվող 7 քրեական գործ հարուցվել է անտառների պահպանության համար պատասխանատու պաշոնատար անձանց կողմից տարաբնույթ առերևույթ կոռուպցիոն հանցավոր արարքների կապակցությամբ:

 Քրեական այդ գործերով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 453 մլն ՀՀ դրամ: Դրանից վերականգնվել է 1 մլն 387 հազար 780 ՀՀ դրամը, մնացած մասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Հարուցված քրեական գործերից 26-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 29 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունը վկայում է, որ 2019թ.-ի համեմատ ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են 45%-ով: «Չնայած վերջինս վկայում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառերի ապօրինի հատումների արձանագրման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, սակայն ինքնին հատումների քանակական աճը վկայում է նաև անտառագոտիների նկատմամբ իրականացվող վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հանցավոր հատումներ կատարողների բացահայտման գործընթացում թերությունների առկայությունը, որը մասամբ, հատկապես կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ, կարող է պայմանավորված լինել նաև արցախյան պատերազմում ռազմական գործողություններին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողների մասնակցությամբ և այդ ընթացքում իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կատարելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, խնդիրների առկայության մասին է վկայում հատկապես ապօրինի հանցավոր հատումները կատարած անձանց ի հայտ չբերելու պատճառով վարույթը կասեցված գործերի համեմատաբար մեծ քանակը, որը կազմում է տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի ավելի քան 45 %-ը: Ընդ որում՝ միայն վարույթը կասեցված չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է ապօրինի հատված 3890  ծառ, իսկ պատճառված վնասը կազմել է 250 մլն 443 հազար 270 ՀՀ դրամ:

«Այս բնույթի քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ որոշ դեպքեր տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են տևական ու շարունակական բնույթ և չնայած դրան՝ ակնհայտորեն դուրս են մնացել անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինների տեսադաշտից:

Ելնելով ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ հանգամանքներից և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման բացասական միտումները դրսևորվել են ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու  ուղղությամբ արդյունավետ, գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով մարզի դատախազության կողմից նախընթնաց շրջանում իրավասու օղակներին հղված բազմաթիվ միջնորդագրերի պայմաններում՝ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալին՝ ոստիկանության իրավասություններից բխող գործառույթների կտուկ ակտիվացման հարցով: 

Մասնավորապես, գրությամբ հրատապ անհրաժեշտություն է համարվել  Լոռու մարզի վարչական տարածքի անտառամերձ ճանապարհահատվածներում ամենօրյա հսկողության սահմանումը, անտառամերձ բնակավայրերի ամենագնաց և թափքի առկայությամբ ավտոմեքենաների շարժի,  նշված բնակավայրերում և հարակից տա­րածք­նե­րում գոր­ծող փայ­տամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սե­րի, փայ­տա­գոր­ծութ­յամբ զբաղ­վող ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի ար­հես­տա­նոց­նե­րի գործունեության նկատմամբ հսկողության, ստուգումների ավելացումը, անտառային տարածքներ ունեցող բնակավայրերից, Լոռվա մարզի վարչական տարածքներից ելք կատարվող ճանապարհներին ամենօրյա և 24 ժամյա ուժեղացված ծառայության սահմանումը»,- հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նամակով հատուկ կարևորություն է տրվել  ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի վարչական տարածքը սպասարկող մասնաճյուղերի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ Ոստիկանության համապատասխան ծառայությունների ակտիվ համագործակցությանը և հատկապես օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների ձեռնարկմանը՝ անտառահատման չբացահայտված հանցավոր դեպքերը, դրանք կատարող անձանց, ինչպես նաև դրանց նպաստող՝ պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am