Այսուհետ գյուղապահովագրության ծրագիրը կգործի հանրապետության բոլոր մարզերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ 2020 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը գործում էր ընդամենը 2 մարզում և երկու մշակաբույսի՝ խաղողի ու ծիրանի դեպքում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ նախորդ տարվա փորձը բավական հաջող է եղել, որոշվել է ընդլայնել այն։
«Սա նշանակում է, որ այս տարվանից մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց ապահովագրել կարկուտից, ցրտահարությունից, մի շարք ռիսկերից։ Ապահովագրական գումարի զգալի մասը՝ տարբեր դեպքերում տարբեր չափերով, վճարում է կառավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։