Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ փոխվարչապետը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի հարցեր

ՀՀ փոխվարչապետը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով» 
տրանսպորտային միջանցքի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցերին և դրա շրջանակում նոր հնարավորություններին:  Երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման համատեքստում քննարկվել է Բավրայի և Գոգավանի անցակետերից դեպի Վրաստանի խորք գնացող ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից է: Հանդիսանալով միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Դեսպան Սագանելիձեն նշել է, որ երկկողմ օրակարգի ուղղություններով համատեղ ու արդյունավետ աշխատանքի միջոցով հավակնոտ առաջընթաց կարելի է գրանցել:

Փոխվարչապետը հայ-վրացական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է համարել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փոխշահավետ ընդլայնման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են: Այս համատեքստում կարևորվել է 2019թ.-ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:

Զրույցի ընթացքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, որը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթությունը:

Երկկողմ շփումներն ակտիվացնելու և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով անդրադարձ է կատարվել նույնականացման քարտերով սահմանների հատման հնարավորությանը:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը, դրա ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող քայլերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]