Մաքսային հայտարագրերը` նաև թղթային տարբերակով. արտահանողների կյանքը էապես հեշտանում է
2 րոպեի ընթերցում
![Մաքսային հայտարագրերը` նաև թղթային տարբերակով. արտահանողների կյանքը էապես հեշտանում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1042369.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց, որ մինչև էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կիրառմամբ մաքսային մարմինների ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկումը, փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռ փոխադրվող ապրանքների և անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ընդունվում են էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի թղթային տարբերակները:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության շրջանակներում նախատեսված չէ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 8-ի թիվ 142 որոշմամբ սահմանված՝ էքսպրես-բեռների համարապրանքային մաքսային հայտարարագրիև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ սահմանված՝ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերի թղթային տարբերակների օգտագործման հնարավորություն, ինչը հանգեցնում է էքսպրես-փոխադրումների միջոցով փոխադրվող «մանր» բեռների համար ապրանքների մաքսային հայտարարագրի լրացմանը՝ դրանով իսկ բարդացնելով մաքսային հայտարարագրման գործընթացը։
Նախագծով նախատեսվում է էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերի թղթային տարբերակով կիրառման հնարավորություն՝ մինչև մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրի ներդրումը և գործարկումը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ սա պարզեցնում է կարգը, ինչը արտահանողների համար մեծ խնդիր է լուծում: «Արտահանողների կյանքը էապես հեշտանում է դրանով»,- նշեց փոխվարչապետը: