Նախարարը վստահեցնում է՝ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական, հումանիտար խնդիր չկա
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նաև սոցիալական անվտանգության երաշխավորը, Հայաստանի և Արցախի կառավարությունները համատեղ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Անդրադառնալով ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի բարձրացրած հարցերին՝ նա մասնավորապես նշեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա: Դրա ամենամեծ փաստումն այն է, որ նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվն ավելի է, քան 100 հազարը»,-ասաց նա:
Նրա վստահեցմամբ՝ այսօր Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, որոնք այնտեղ ունեն մշտական բնակության վայրեր: Իսկ կորցրած տարածքների բնակչությունից ավելի քան 5000 քաղաքացի նույնպես շարունակում է բնակվել Արցախում: Այս պահին Արցախում ամբողջությամբ վերականգնված է գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, կապը՝ գրեթե ամբողջովին: Ընդ որում` կապի օպերատորներից մեկն Արցախում ապահովում է առանց ռոումինգի կապ:
«Սոցիալական ծրագրերի մասով՝ կառավարությունն ուղղակի ֆինանսավորմամբ ավելի քան է 15 մլրդի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը, որն ավելին է, քան Հայաստանում գործող որևէ ամսական սոցիալական աջակցություն: Եվ այս ամիսների համար այդ աջակցությունները լիովին հնարավորություն են տալիս արցախցիներին հոգալ իրենց խնդիրները»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ բացի դրանից, Արցախի կառավարության հետ համատեղ մի շարք միջոցառումներ են իրականացվելու, որոնք էականորեն փոխելու են Արցախում մարդկանց կյանքի որակը: «Մասնավորապես 6 ամիս ժամկետով փոխհատուցվում է եկամտային հարկն ամբողջությամբ: Այսինքն՝ Արցախում այս տարվա առաջին կիսամյակում փաստացի եկամտային հարկ չկա»,-ասաց նախարարը:
Առաքելյանը վստահեցրեց, որ Արցախի կառավարության հետ նման բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Նախարարի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է քննարկել լոկալ խնդիրները:
«Հաշվի առնելով հետպատերազմական վիճակը՝ Արցախի բյուջեում բնականաբար եկամուտների էական փոփոխություն է տեղի ունեցել, մասնավորապես եկամուտները մոտ 50 մլրդով նվազել են, որը ամբողջովին փոխհատուցվելու է ՀՀ կողմից ֆինանսավորման միջոցով: Հետպատերազմական շրջանում Արցախի կառավարության ֆինանսական պարտավորության հոսունությունը չդադարեցնելու նպատակով կատարվել են հատկացումներ: Մասնավորապես Արցախում չեն դադարել կենսաթոշակների վճարումները, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի վճարումները»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորը: