Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը և առաջիկա ծրագրերին առնչվող հարցերը

Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը և 
առաջիկա ծրագրերին առնչվող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Վիկտոր Մնացականյանը:

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը և արհեստավարժությունը՝ ընդգծելով, որ նվագախումբը համաշխարհային բեմերում մշտապես ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանի անունն ու մշակույթը և կարողացել է հավուր պատշաճի շարունակել իր գործունեությունը նաև համավարակի պայմաններում՝ հանդես գալով համերգներով ու առցանց նախագծերով:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրավամբ մեր երկրի ու ժողովրդի դեմքն է, և մենք անելու ենք հնարավորը, որ մեր երկրի համերգային մշակույթը լինի ամենաբարձր մակարդակի վրա, ինչպես եղել է, կա, և, վստահ եմ, կլինի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նվագախմբի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, նորարարական ստեղծագործական ծրագրերը, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների ընթացքը, իրականացվող և ակնկալվող փոփոխությունները: Անդրադարձ է եղել նաև համավարակի ընթացքում մշակութային կյանքի բնականոն գործունության ապահովման խնդիրներին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ