Արցախ

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

2 րոպեի ընթերցում

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը՝ հավելելով, որ առանձնատները տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին:

«Տեղահանված բնակիչների համար Ասկերանի,Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է:

Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալները ստանալուց անմիջապես հետո: Քաղաքաշինության նախարարության և 28 շինարարական կազմակերպությունների միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը: Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց»,-մանրամասնեց քաղաքաշինության փոխնախարարը՝ նշելով,որ ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

Մինչ այդ՝ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռքբերվում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատերերի հետ: Բացի այդ՝ ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում