Ռուսաստանյան խաղաղապահների համար նոր մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանցի խաղաղապահների համարնոր մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Լեռնային Ղարաբաղում 60 ռուս խաղաղապահի բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին: Ավելի վաղ ռուսաստանցի մասնագետները կարճ ժամկետում երկու մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում»,- ասված է հաղորդագրությունում:
Յուրաքանչյուր մոդուլային քաղաքում առկա են մարզական համալիր, շոգեբաղնիք, բժշկական կենտրոն և այլն:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թ. նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: