Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղահանված շուշեցիների խնդիրների լուծումները համակարգման կարիք ունեն

Տեղահանված շուշեցիների խնդիրների լուծումները համակարգման կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղահանված շուշեցիների փաստացի թվի  հաշվառման գործընթացն առայժմ շարունակվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի բնակչության աջակցության կենտրոնի կամավոր աշխատակից Վարուժան Մելքոնյանը՝ հավելելով, որ Շուշիում հաշվառված 4000 բնակիչների թվում կան նաև անձինք, որոնք  փաստացի չեն բնակվել բերդաքաղաքում:

«Բացի այդ՝ կացարանի և կեցության պայմանների փնտրտուքով շուշեցիներն անընդհատ տեղից տեղ են մեկնում: Մի մասը վերադարձել է Արցախ: Հայաստանի Հանրապետությունում նրանք հիմնականում ժամանակավոր հանգրվանել են Կոտայքի, Շիրակի, Լուռու մարզերի բնակավայրերում ու Երևանում: Մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը բնակվում է վարձակալված բնակարաններում»,-հայտնեց Մելքոնյանը: Նրա խոսքով՝ տեղահանված շուշեցիներին աջակցելու նպատակով դիմում են նաև  մասնավոր բարերարներ: Ըստ այդմ` աջակցության կենտրոնում կազմում և ներկայացնում են կարիքավոր ընտանիքների ցուցակներ՝  սննդով,  տաք հագուստով և անկողնային պարագաներով ապահովելու համար: 

«Մասնավորապես՝ սննդով ապահովելու համար՝  շաբաթական ներկայացնում ենք 20 ընտանիքի ցուցակ, իսկ ձմեռային անհրաժեշտ միջոցներով արդեն ապահովվել է 239-ը: Օրերս աջակցություն ցուցաբերելու համար մեզ են դիմել անհատ բարերարներ՝ ըստ որի ներկայացրել ենք նաև 6 զոհվածների ընտանիքների ցուցակ: Շուշեցիներին աջակցություն ցուցաբերելու  հայտ են ներկայացրել նաև Ֆրանսիայից: Այդ ցուցակներում ընդգրկվելու են այն ընտանիքները, որոնք օգնություն չեն ստացել: Շուշեցի զոհվածների և վիրավորների ընտանիքներին  տրամադրվել է նաև պետական ֆինանսական աջակցություն 50 հազար դրամի չափով, ինչպես նաև 40 -հազարական դրամ բազմազավակներին և 30-հազարական դրամ Հայաստանի բնակավայրերում հաստատված ընտանիքներին»,-ասաց աջակցության կենտրոնի աշխատակիցը:

Նրա հաղորդմամբ՝ շուշեցի տեղահանվածներին սննդով ապահովելու խնդիր են ունեցել Կոտայքի մարզում: 

«Կոտայքի տարբեր բնակավայրերում հանգրվանած շուշեցիներից տարեվերջին տեղեկություններ ենք ստացել, որ մարդիկ գյուղապետարանների ու քաղաքապետարանների կողմից մեկ անգամ են սննդով ապահովվել: Այնուհետև ինչ-որ թյուրիմացություն է առաջացել և դադարեցվել է: Նախատեսում ենք առաջիկայում այդ հետքերով գնալ և պարզել խնդրի էությունը: Մեծաթիվ շուշեցիներ են հաստատվել նաև Գյումրիում ու Վանաձորում, որտեղ ժամանակին նրանց օգնություն է ցուցաբերվում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Շուշեցիները խնդիրներ ունեն նաև կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրից օգտվելու հարցում: 

«Կան մարդիկ, որոնք ժամանակավոր բնակվում են մանկապարտեզում և համանման շինություններում և չեն կարողանում վարձակալական պայմանագրեր կնքել: Շատերը ստիպված են իրենց գրպանից վճարել այդ գումարները, որի հնարավորությունը, սակայն, չունեն: Շուշիի բնակչությունն ընդհանուր առմամբ գրեթե ամբողջ ունեցվածքը՝ ընդհուպ ունեցած արժեքավոր իրերը, ոսկին, ֆինանսական միջոցները և այլն տարհանվելու ընթացքում թողել են տանը: Շատերն անգամ ամառային հագուստով են հեռացել: Մինչդեռ կոմունալ վճարումները բավականին մեծ են և մարդիկ ի վիճակի չեն լինելու դրանք իրականացնել»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ  ընդհանուր առմամբ՝ տեղահանված շուշեցիների աջակցության խնդիրները տարերային են լուծվում և համակարգման կարիք ունեն: 

«Տեղահանված շուշեցիներ կան, որոնք խնդիրների են բախվել նաև պետական ֆինանսական աջակցությունից օգտվելու հարցում: Մասնավորապես՝   300 հազար դրամի չափով աջակցության վերաբերյալ եղել են դեպքեր, երբ վճարման վայրերում հայտնել են, որ փոխանցումը կատարվել է,սակայն գումարը չեն ստացել: Այդուհանդերձ կարծում եմ, որ միայն սոցիալական աջակցության ծրագրերով տեղահանված բնակչության խնդիրները չեն լուծվի: Անհրաժեշտ է նրանց ապահովել բնակարանով, ամենակարևորը՝ աշխատանքով, որպեսզի կարողանան սեփական ուժերով»,-եզրափակեց տեղահանված շուշեցիների աջակցության կենտրոնի ներկայացուցիչը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]