Ավելի քան 48,2 հազար փախստականներ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են ԼՂ իրենց տները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ' վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 182 փախստական:
Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 241 փախստական։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանչորս դիտակետերում:
Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, նոյեմբերի 10-ի Երեւանի ժամանակով 01: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: