Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը

Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ 
անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ով ուզում է աշխատել` միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում». Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն արդեն ավելի քան 10 տարի այս կարգախոսով է առաջնորդվում, և սովորեցնում այդպես ապրել ու աշխատել նաև իր հետ աշխատող անձանց:

Արտակարգ իրավիճակների նախարարն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է համակարգում առկա խնդիրների, ուժեղ կողմերի, համագործակցությունների, նոր ծրագրերի, կադրային քաղաքականության, ինչպես նաև «Ազգային հերոս»-ի կոչում ստանալուց հետո իր զգացողությունների և այլ հարցերի մասին:

- Պարոն Փիլոյան, դեռ 1 ամիս է, ինչ զբաղեցնում եք ԱԻ նախարարի պաշտոնը, սակայն արդեն հասցրել եք մարզային այցելություններ ունենալ: Ներկայացրեք խնդրեմ` ի՞նչ խնդիրներ եք նկատել ոլորտում և ինչպե՞ս եք նախատեսում դրանք լուծել: Որո՞նք են համակարգի ուժեղ և թույլ կողմերը, ինչ առաջնահերթություններ եք սահմանել:

-  Դեռևս կարճ ժամանակ է, որ նշանակվել եմ ԱԻ նախարար, սակայն այս ժամանակահատվածում հասցրել եմ մարզային այցելություններ կատարել: Դրանք առաջնահերթության կարգով իրականացրել եմ սահմանամերձ և սահմանապահ մարզերում` հաշվի առնելով մեր երկրի սահմաններում տիրող իրավիճակը: Տեղում ծանոթացել եմ մեր նախարարության ենթակայության տակ գտնվող մարզային փրկարարական ծառայությունների կատարելիք աշխատանքներին, նրանց գործառույթներին, այդ ոլորտի խնդիրներին: Համակարգում առկա թերությունների մասին չեմ ցանկանա խոսել, ժամանակի ընթացքում լավն ու վատը կերևա, ինքս էլ կկարողանամ համեմատել ու ավելի ուշ գուցե խոսեմ այդ մասին: Մեր անձնակազմի ուժեղ կողմերից է ժողովրդին և պետությանը պիտանի լինելու պատրաստակամությունը: Կարող եմ ասել նաև, որ ինձ մոտ լավ տպավորություններ են ձևավորվել մեր սահմանամերձ մարզեր այցելություններից, հատկապես, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայությունների կատարած աշխատանքներից:

- Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը պարոն նախարար:

- Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողությունների շրջաններից մեր զինծառայողների մարմինների դուրս բերման և որոնողական աշխատանքներին: Առ այսօր Արցախի մեր գործընկերների հետ իրականացվում են անհետ կորածների, զինծառայողների մարմինների որոնողական, ինչպես նաև տարահանման աշխատանքները:

 

- Որո՞նք ենք ոլորտի գերակա խնդիրները:

- Առաջին հերթին պետք է շեշտեմ Աղետների վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի զարգացումը: Դա  հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ արագ և արդյունավետ արձագանքել աղետներին, տրամադրել հավաստի օպերատիվ տեղեկատվություն, նվազեցնել մարդկանց կորուստները և տնտեսական վնասները: «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը» կընդունվի 2021 թվականին և հնարավորություն կտա  ՀՀ տարածքում ստեղծել կենտրոնացված ազդարարման համակարգ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակավայրերում կտեղադրվի մոտ 1300 հատ էլեկտրաշչակ և 1300 հատ հեռակառավարվող թվային վահանակ: Խիտ բնակեցված ու մարդաշատ վայրերում կտեղադրվի մոտ 40 բարձրախոս: Իսկ մինչ հայեցակարգի ընդունումը 2021 թվականի հունվարին բոլոր մարզերում մարզային փրկարարական վարչությունները կիրականացնեն ազդարարման ուսումնավարժական պարապմունքներ. մի շարք բնակավայրերում  դեկտեմբերին այդ գործընթացը սկսված է: Առաջին եռամսյակում ՀՀ սահմանամերձ մարզերից մեկում կիրականացվի բնակչության կենտրոնացված ազդարարման պիլոտային ծրագիր: Համակարգի առանցքային խնդիրներից է նաև սողանքային ռիսկի կառավարումը: Մեր հանրապետությունում սողանքներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին և արգելք են հանդիսանում պետության կայուն զարգացման, հետևաբար և անվտանգության ապահովման համար: Այս առումով սողանքային հիմնախնդիրը հանրապետության համար հանդիսանում է կարևորագույն ռազմավարական խնդիր: Մինչև 2023 թ-ը նախատեսված է առավել վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկումների իրականացում. 131 ակտիվ սողանքից 14-ում  գործիքային հետազոտություն կիրականացվի: Կառավարության 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ աշխատանքների իրականացման համար նախատեսված է մոտ 125 մլն դրամ: Ասեմ նաև, որ 2021 թվականին նախատեսված է 48,5 մլն դրամի շրջանակներում իրականացնել Դիլիջանի «Մեծ Թալա», Հովքի, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի և 10-րդ դպրոցի, Ներքին Ծաղկավան և Դպրաբակ համայնքների (թվով վեց) սողանքավտանգ տեղամասերի գործիքային հետազոտություններ:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու:

- Իմ առաջարկով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության նոր ծրագիր է մեկնարկելու։ Այս գաղափարի քննարկման նպատակով արդեն այցելել եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։ Ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում և պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում: Պետք է ուսումնասիրվեն երկու բուհի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Մշակվելու է հարցաշար և ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը:

Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող:

Հույս ունեմ, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը:

Առաջիկայում նախատեսում ենք նաև ներդնել «վստահության հեռախոս», որի միջոցով կստանանք բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: «Վստահության հեռախոս»-ն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա:

- Զրույցի սկզբում խոսեցինք ազդարարման մասին, իսկ   ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

- Պատսպարանների առկայությունը մեզ համար կարևոր հարցերից մեկն է: Ստեղծված իրավիճակը  ցույց տվեց, որ մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք հարկ եղած դեպքում պատսպարանների վիճակի, որոշ դեպքերում նաև դրանց օգտագործման հարցում: Մենք պետք է բարձրացնենք բնակչության պաշտպանվածության մակարդակը, լիարժեք իրականացնենք քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների գույքագրման ու բնակչության կցագրման գործընթաց:  Այստեղ ևս օրենսդրական կարգավորման կարիք կա և գալիք տարի պետք է ընդունվի նաև Բնակչության պատսպարման հայեցակարգը։ Պետք է ասեմ նաև, որ այս ուղղությամբ կարևորվում է  քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերաբերյալ շինարարական նորմերի ընդունումը։ Դա նշանակում է, որ նախագծվող շենքերում պետք է նախատեսվեն պատսպարաններ:  Պետք է նշեմ նաև, որ ելնելով տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակից պետք է փոփոխություններ կատարվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում։ Դա թույլ կտա հստակեցնել մասնավոր տնտեսություն, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների փոխհարաբերությունները, ինչպես նաև կանոնակարգել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նկատմամբ պատասխանատվությունն ու պաշտպանական կառույցների ֆոնդի ավելացումը։

- Պատերազմական, արտակարգ այլ իրավիճակների ժամանակ բնակչությանն այդ մասին ազդարարելու, նրանց պատսպարելու և տարհանելու ուղղությամբ հանրապետությունում խնդիրներ տեսնո՞ւմ եք:

- Այդ առումով մենք խնդիր ունենք, դրանք այսօր ակտուալ են մեր սահմանամերձ բնակավայրերում: Շատ անգամներ եմ շեշտել, եթե այդ համակարգը նախկինում չզարգացնեինք Լեռնային Ղարաբաղում, ավելի կոնկրետ, Ստեփանակերտում և Շուշիում, ապա քաղաքացիական բնակչության մեր կորուստները մի քանի անգամ ավելի շատ կլինեին: Այժմ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մեր մարզային կառույցների ղեկավարներին արդեն խնդիրներ եմ առաջադրել, նրանք կազմել են ծրագրերը և ըստ դրա համայնքներում իրականացնում ենք պարապմունքներ` ազդարարում, պատսպարում, տարհանում:

 

- Կադրային փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Երեկ փոխնախարարների փոխատեղման ականատես եղանք, արդյոք այլ փոփոխություններ ևս սպասվում են:

- Կադրային փոփոխություններ, առավել ևս ջարդ ես չեմ պլանավորում իրականացնել: Ինքս չեմ ընդունում նման մոտեցումները, քանի որ կադրեր կան, որոնք արդեն 10 և ավելի տարի ծառայում են համակարգում, լուրջ ներդրումներ ունեն ոլորտում: Ճիշտ չէ չգնահատել մարդու կատարած աշխատանքը: Երեկ Արմեն Փամբուխչյանի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելն օրինաչափ է, քանի որ տեղակալների հաստիքները քաղաքական են:  

- Հետպատերազմյան Արցախի ԱԻ պետական ծառայության հետ ինչպիսի՞  համագործակցություն է իրականացվում: Ինչ գերակա ուղղություններ կան այս առումով: Ո՞ր խնդիրներն են առաջնահերթ լուծում պահանջում:

- Արցախի փրկարար ծառայությունների հետ ամենօրյա ռեժիմով համագործակցում ենք: Մի քանի օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի հետ, մոտ 2 ժամ քննարկել ենք խնդիրներն ու առաջնային ուշադրության արժանի հարցերը: Կան որոշ ներքին հարցեր, որ չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ կան խնդիրներ, որոնք, բնականաբար, մեր աջակցության կարիքն ունեն:

- Ռուսաստանի ԱԻ նախարարության հետ համատեղ համագործակցությամբ Արցախում իրականացվում են մարդասիրական ծրագրեր: Խնդրում եմ ներկայացրեք այդ ծրագրերի հիմնական նպատակն ու ակնկալվող արդյունքը:

- Այսօր շատ սերտ համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Օրեր առաջ հանդիպում եմ ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ, որի ընթացքում քննարկել ենք Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս 90 տոննա բեռ տեղ կհասնի առաջիկայում: ՌԴ ԱԻՆ-ի հետ համագործակցության արդյունքում լավ արդյունքներ ենք գրանցում: Հայ-ռուսական համագործակցության հետ կապված մենք լուրջ ծրագրեր ունենք:

 

- Պատերազմից հետո առաջացած նոր սահմաններն ի՞նչ նոր մարտահրավերներ են առաջադրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը. ավելացել են սահմանամերձ բնակավայրերը, ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել: Կա՞ն ծրագրեր:

- Դեռևս նախապատերազմյան ժամանակահատվածում ԱԻՓԾ-ի կողմից սահմանամերձ բնակավայրերում որպես նորություն, հիմնականում Տավուշի մարզում, բացազատվել են հենակետեր, որոնք անմիջական եղել են սահմանամերձ գյուղերում` Չինարիում, Ներքին Կարմիրաղբյուրում: Դրանք նախատեսված են ցանկացած արտակարգ իրավիճակում սահմանամերձ բնակավայրերում ապրողներին օգնություն ցուցաբերելու համար: Հիմա ուսումնասիրում ենք այդ փորձը, տեսնենք, թե որքանով է իրեն արդարացնում, որպեսզի նմանատիպ հենակետեր տեղադրենք նաև Սյունիքի հատվածում: Հնարավոր է, որ դրանք լինեն Շիկահողի, Դավիթ Բեկի հատվածում: Այս պահին մենք փորձում ենք նաև հասկանալ` նոր սահմանամերձ բնակավայրերում որքանով է նպատակահարմար ԱԻՓԾ ստորաբաժանումների տեղակայումը: Ուսումնասիրություններ են կատարվում:

- Վերջին տարիներին ԱԻՆ-ը բավականին հագեցրել է իր ավտոպարկը` ձեռք բերելով տարբեր տեղանքների համար նախատեսված հրշեջ մեքենաներ, ինչպես ՀՀ-ին է տրամադրվել գույքային օժանդակություն, ինժեներային տեխնիկա: Այդ գործընթացը շարունակակա՞ն է լինելու: Ի՞նչ համալրումներ են սպասվում առաջիկայում:

- Մեր համակարգի արդյունավետ աշխատանքի կարևորագույն խնդիրներից է Փրկարար ծառայությունը հատուկ տեխնիկայով և գույք-սարքավորումներով վերազինելը: 2021 թվականին կարևորվում է նաև ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ տեխնիկայով և գույք-սարքավորումներով վերազինման հարցը, քանի որ դրա բացակայությունը բացասաբար է անդրադառնում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների օպերատիվ և արդյունավետ արձագանքման, ինչպես նաև բնակչության պաշտպանության կազմակերպման վրա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում տարբեր միջազգային կառույցների, ՀՀ-ում գործող դեսպանատների հետ համագործակցության ծրագրերով, ինչպես նաև   ՀՀ-ում գործող Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով 2021 թվականին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները փրկարարական տեխնիկայով և գույք-սարքավորումներով վերազինման խնդիրի լուծման ուղղությամբ:  

Կարևորելով ԱԻՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների և հրշեջ դեպոների կառուցման, ստորաբաժանումներում ծառայության պայմանների և տեխնիկական վերազինման բարելավման հետ կապված խնդիրները՝ ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մենք ակնկալում ենք Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի թիվ 2, Ախուրյանի և Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատների 2021 թվականի ընթացքում իրականացնել ՀՓՋ-ների շենք-շինությունների կառուցումը:

- Որքանո՞վ է հեշտ ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցնելուց հետո ստանձնել ԱԻ նախարարի պաշտոնը: Արցախյան վերջին պատերազմում նաև արժանացել եք Ազգային հերոսի կոչման: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Եթե համեմատեմ Զինված ուժերի և Փրկարար ծառայության համակարգի գործառույթները նման են: Որոշակի խնդիր հանդիսացել է այն, որ ոլորտում փորձի պակաս ունեմ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Մի գաղտնիք բացեմ ձեզ. դեռ շատ վաղուց ես առաջնորդվում եմ մի կարգախոսով` «Ով ուզում է աշխատել միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում»: Այս կարգախոսը, որ դրված է սենյակում, արդեն ավելի քան 10 տարի ինձ հետ տանում եմ ամենուր, և իմ բոլոր ենթականերին սովորեցնում այսպես ապրել և աշխատել: Այս համատեքստում, եթե անդրադառնանք կադրային փոփոխությունների ձեր հարցին, երբ ասացի, որ չեմ պատրաստվում լուրջ փոփոխություններ անել, կարող եմ ասել, որ ժամանակը ցույց կտա, թե ով որքանով է արժանի և ի վիճակի տվյալ պաշտոնը զբաղեցնելու կամ աշխատելու: Վստահաբար կարող եմ ասել, որ ՊՆ-ում աշխատանքս ինձ շատ է օգնում հիմա, այդ մասին կփաստեն հատկապես փրկարար ծառայողները:

Զգացողություններիս վերաբերյալ ինձ հարցրել են նաև գեներալի կոչումը շնորհելիս, սակայն մեծ հաշվով ոչինչ չի փոխվել: Նույնը կարող եմ ասել նաև հիմա` իմ կյանքում ոչինչ չի փոխվել, նույնն եմ եղել մինչ այդ պահը, նույնն եմ նաև հիմա: Մարդ պետք է զբաղվի իր աշխատանքով:

- Շնորհակալություն:

- Շնորհակալ եմ, այս ծանրաբեռնված ժամանակահատվածում մեր կառույցին ժամանակ տրամադրելու համար:

Հարցազրույցը` Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]