Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը ներառված է գործադիրի դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
«Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ»,- ասված է որոշման նախածգում:
Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը: