Սաղաթելյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հրավիրեց քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին հրավիրեց քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված հանրահավաքի ընթացքում Սաղաթելյանը մինչև ժամը 18:00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
«Մինչև ժամը 18:00 «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա` «Հայրենիքի փրկության շարժում»-ի ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը»,- ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ առաջիկա ժամերին համապատասխան վրաններ կտեղադրվեն Հանրապետության հրապարակում` գիշերելու համար:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ: