Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1174 նոր դեպք. ապաքինվել է 1350 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3504 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 539337 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1174 նոր դեպք և 1350 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2416 (ավելացել է ևս 23-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան