Հասարակական

ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը. Սերգեյ Շոյգուն ամփոփել է տվյալները

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը. Սերգեյ Շոյգուն ամփոփել է տվյալները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ:

«Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են: Խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը: Խաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը։ Նրանք պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհները: Մաքրվել է 50 հեկտար տարածք և ավելի քան 17,5 կմ ճանապարհ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթունավտանգ առարկա: Ականազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող մայրուղու 28 կմ հատվածը: Ըստ այդմ, վերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը: Խաղաղապահները ուղեկցել են 3500 ավտոմեքենա:

Բացի այդ ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այդ մասնագետները արդեն սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանը: Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,- նշել է Շոյգուն:

Իր ելույթի ավարտին Սերգեյ Շոյգուն ասել է, որ ռուս զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում