Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Ֆրանսիական ընկերությունը Արցախին փրկարարական ավտոմեքենաներ կնվիրաբերի

Ֆրանսիական ընկերությունը Արցախին փրկարարական ավտոմեքենաներ կնվիրաբերի

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորմամբ, այս մասին տեղեկացրել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և  Ֆրանսիայի հանրապետությունում գործող «Celise care» հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերի ու նրա օգնական Սիլվիա Մորետտիի և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանի այսօր կայացած  հանդիպմանը  պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները:

Հանդիպմանը  Արցախի  ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար պարոն Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:

Կարեն Սարգսյանը նաև նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Ժան Լուի Մեսսաժերն իր հերթին նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին:

Նա նաև հետաքրքրվել է թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ