Պաշտոնական

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլեր

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը:

Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, և նրանք կվերադառնան հայրենիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում