Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Կառավարությունն առաջարկում է ստեղծել կոռուպցիոն հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին

Կառավարությունն առաջարկում է ստեղծել կոռուպցիոն հանցագործությունները քննող 
մասնագիտացված մարմին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը: Շահառուներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն: Առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում տրամադրել 3.000.000 ՀՀ դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, հիշեցրել է, որ  զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: «Մենք ամիսներ առաջ այս որոշմանը համարժեք կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, և հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,-ասել է վարչապետը:

Հաստատվել է պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը:  Միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրվի շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով: «Մասնավորապես, հիմնականում Սյունիքի մարզում և մի փոքր էլ Գեղարքունիքի մարզում են անշարժ գույքերը վնասվել:  Ընդհանուր առմամբ մոտ   75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: 

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Հյուրընկալող անձանց կտրամադրվի դրամական օգնություն, ընդ որում` ՀՀ հյուրընկալ ընտանիքին նախատեսվում է տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մշակվում է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին. կփոխհատուցվեն նրանց  2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերը: «Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն մենք դե յուրե այդ որոշումը կընդունենք, բայց,  ինչպես խոսել ենք, այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պետք է չառաջանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:

 

Օրենսդրական նախաձեռնություններ.  առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե    

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ընդունված որոշումները, նշել է, որ այսօր զեկուցվող հարցերը տեղավորվում են նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ: «Եվ նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են, և այս ուղղությամբ մենք աշխատանքները պիտի շարունակենք»,-ասել է վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է չզեկուցվող հարցերում ներառված երկու կարևորագույն փաթեթներին՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքներին: «Այդ օրինագծերը մեծ ռեֆորմների փաթեթներ են: Դրանք չեն զեկուցվել նիստի ընթացքում, քանի որ   քննարկվելու են Ազգային ժողովում, բայց հընթացս անպայման հանրությունը կտեղեկանա բովանդակությանը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և Հակակոռուպցիոն ռազմավարությունը,  առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե:    Կոմիտեն, որը ստեղծվելու է որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։ Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Այս լիազորությունների ամբողջությունը հնարավորություն է տալու Կոմիտեին իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական և արդյունավետ քննություն: Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից: Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական  գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու է մրցութային կարգով: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է նաև երեք միջազգային փորձագետ։ Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական  աշխատանքային փորձառություն ունեցող անձինք:  Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար նիստերը կանցկացվեն բաց. քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստերին: Խորհրդի նիստերը կտեսաձայնագրվեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական  կայքէջում կհրապարակվի  յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:

Հավանությանն են արժանացել նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագծերը: Օրինագծերի նպատակն է բարձրացնել կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես, կսահմանվեն բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով, պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում, մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով։ Անհրաժեշտ հիմքեր կդրվեն գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։ Օրինագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով: Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։ Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը կարգելվի։

 

 

Այլ որոշումներ

Գործադիրը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը  և  հավանություն տվել մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին: Ըստ այդմ՝ կկանոնակարգվի  «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը և հաղթողի ընտրությունը:

Կառավարության  մեկ այլ որոշմամբ Հունան Պողոսյանն ազատվել  է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ