Արցախ

Շուրջ 3000 հայտ է ներկայացվել՝ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից տուժած տների վերանորգման համար  

2 րոպեի ընթերցում

Շուրջ 3000 հայտ է ներկայացվել՝ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից տուժած տների վերանորգման համար  

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռահրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում ավերածությունների ճշգրտումը շարունակվում է. ամեն ընտանիքի ժամանման հետ նոր վնասներ են ի հայտ գալիս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի փոխքաղապետ Սամվել Ղուլյանը՝ մանրամասնելով, որ վնասվել են բնակելի տների տանիքներ, պատուհանների ապակիներ:

«Հիմնովին ավերվել և վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում 2 բազմաբնակարան շենք: Անօթևան մնացած ստեփանակերտցիներին տեղավորելու համար պետական աջակցությամբ վարձակալում և տրամադրում ենք բնակարաններ: Բացի այդ աշխատանքներ են տարվում վնասված տանիքների ու պատուհանների վերանորոգման ուղղությամբ, որից հետո կեցության բավարար պայմաններ են ստեղծվում վերադարձող մեր համաքաղաքացիների համար: Նախնական տվյալներով` թեթև վնասներ կրած բնակարանների (դռներ, պատուհաններ, տանիքներ) խնդրով քաղաքաշինության նախարարության թեժ գծին ստացվել է շուրջ 3000 հայտ: Յուրաքանչյուր վերադարձող բնակչի հետ այդ թիվը շարունակում է աճել: Որոշ չափով դեռևս վերականգնման կարիք ունեն նաև մայրաքաղաքի ենթակառուցվածքները: Փակ դռներով բնակարանների տանտերերը վերադառնալով հայտնաբերում են, որ վնասված գազատարի հետևանքով արտահոսք կա: Ընդհանուր առմամբ, գլխավոր գազատարի աշխատանքը ամբողջությամբ վերականգնված է: Ստեփանակերտի որոշ հատվածներում նաև արտաքին լուսավորության ապահովման խնդրի լուծման ուղղությամբ ենք աշխատում»,-ասաց փոխքաղաքապետը:

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից Ստեփանակերտում ապաստանած բնակիչներին աջակցելու հարցին` Սամվել Ղուլյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը նրանց ապահովում է սննդով, անկողնային պարագաներով և անհրաժեշտության դեպքում նաև էլեկտրատաքացուցիչներով։

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում